Կառավարության որոշումներ

23 Հունվարի 2014, 81 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2338-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438 որոշման մեջ լրացում կատարելու և պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման կարգը հաստատելու մասին» N 2338-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման մեջ`
ա. վերնագիրը «ՏԵՂԱՓՈԽՄԱՆ» բառից հետո լրացնել «ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ» բառերով,
բ. 2-րդ կետը «տեղափոխման» բառից հետո լրացնել «և փոփոխման» բառերով.
2) որոշման հավելվածում`
ա. վերնագիրը «ՏԵՂԱՓՈԽՄԱՆ» բառից հետո լրացնել «ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ» բառերով,
բ. 1-ին կետը «տեղափոխմանն» բառից հետո լրացնել «և փոփոխմանն» բառերով,
գ. 2-րդ կետը «տարածքը պետական» բառերից հետո լրացնել «ռազմավարական» բառով,
դ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.
«2.1. Հուշարձանը փոփոխվում է բացառիկ` նրա` սկզբնական ու հարմարեցված գործառնական նշանակությամբ օգտագործման անհնարինության և (կամ) շահագործման նորմատիվային պահանջներին համապատասխանեցման դեպքերում: Հուշարձանի փոփոխումը չի կարող զուգորդվել նրա պատմական, գիտական և գեղարվեստական արժեք հանդիսացող արտաքին ու ներքին ծավալների, դրանց առանձին տարրերի ու դրվագների անդարձելի խեղմամբ, աղճատմամբ կամ ոչնչացմամբ:»,
ե. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հուշարձանը տեղափոխվում և փոփոխվում է լիազորված մարմնի դրական եզրակացության հիման վրա: Հուշարձանի տեղափոխման և հանրապետական նշանակության հուշարձանի փոփոխման աշխատանքները կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ, իսկ տեղական նշանակության հուշարձանի փոփոխման աշխատանքները` պետական կառավարման տարածքային մարմինների թույլտվությամբ:»,
զ. 4-րդ կետի առաջին պարբերությունը «տեղափոխումն» բառից հետո լրացնել «և փոփոխումն» բառերով,
է. 4-րդ կետի երկրորդ պարբերությունը «տեղափոխումն» բառից հետո լրացնել «և փոփոխումն» բառերով,
ը. 5-րդ կետը «տեղափոխումն» բառից հետո լրացնել «և փոփոխումն» բառերով,
թ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակության նոր` V գլխով.
«V. ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ


19. Հուշարձանի փոփոխում է համարվում ցանկացած այնպիսի միջամտություն, որն առնչվում է հուշարձանի հատակագծային, ծավալատարածական կամ նյութական որևէ տարրի մեկ այլ լուծմամբ` մասնակի կամ ամբողջական փոփոխելուն, կամ հավելելուն՝ հաշվի առնելով հուշարձանի պատմական միջավայրի պահպանման և գեղարվեստական ընկալման խնդիրները:
20. Հուշարձանների փոփոխման աշխատանքների կատարման համար որպես պատվիրատու հանդես են գալիս դրա սեփականատերը և (կամ) նրա համաձայնությամբ` օգտագործողը:
21. Պետական սեփականություն հանդիսացող և օգտագործվող հուշարձանների փոփոխման դեպքում` օգտագործողը, իսկ պետական սեփականություն հանդիսացող և չօգտագործվող հուշարձանների փոփոխման դեպքում` հուշարձանի կամ դրա տարածքում քաղաքաշինական գործունեություն ծավալողը դիմում է լիազորված մարմին: Դիմումում նշվում են նախատեսվող աշխատանքների նպատակը, անհրաժեշտությունը, բնույթը և ծավալը: Դիմումին կից ներկայացվում են`
1) հուշարձանի սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը (եթե դիմողն օգտագործողն է).
2) հուշարձանի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը.
3) լիցենզավորված անձանց կողմից կազմված` հուշարձանի տեխնիկական վիճակի մասին ակտը, դրա հիման վրա` պատվիրատուի և հեղինակի կողմից կազմված` հուշարձանի փոփոխման առաջադրանքի նախագիծը.
4) էսքիզային առաջարկի նախագիծը և բացատրագիրը (մեկ` թղթային` ցուցադրական, և մեկ` էլեկտրոնային կրիչի վրա):
22. Սույն կարգի 21-րդ կետով նախատեսված փաստաթղթերը թերի ներկայացնելու, դիմումում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ և նման այլ բացթողումներ) առկայության դեպքերում լիազորված մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին առաջարկում է 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:
23. Սույն կարգի 21-րդ կետով սահմանված հիմքերով դիմումը մերժվում է, եթե դրա մասին պատշաճ ձևով նախազգուշացումը լիազորված մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուն չի վերացնում դիմումում կամ կից փաստաթղթերում առկա ոչ էական թերությունները կամ չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր:
24. Լիազոր մարմինը սույն կարգի 21-րդ կետում նշված փաստաթղթերը 14 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է գիտամեթոդական խորհրդի նիստում: Գիտամեթոդական խորհուրդը նիստից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է հուշարձանի փոփոխման վերաբերյալ եզրակացություն:
25. Գիտամեթոդական խորհրդի`
1) դրական եզրակացության դեպքում` հանրապետական նշանակության հուշարձանի փոփոխման թույլտվություն ստանալու համար լիազոր մարմինը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ` կցելով իր եզրակացությունը.
2) բացասական եզրակացության դեպքում լիազոր մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին է վերադարձնում ներկայացված փաստաթղթերը` կցելով եզրակացությունը:
26. Տեղական նշանակության հուշարձանի փոփոխման դեպքում լիազոր մարմինը եզրակացությունը և փաստաթղթերը տրամադրում է պետական կառավարման համապատասխան տարածքային մարմնին: Պետական կառավարման տարածքային մարմինը, եզրակացությունը և փաստաթղթերը համաձայնեցնելով շահագրգիռ գերատեսչությունների հետ, ստացված կարծիքների հիման վրա` օրենքով սահմանված կարգով և ժամկետում ընդունում է հուշարձանի փոփոխման թույլտվություն տալու կամ այն մերժելու մասին որոշում»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: