16 Հունվարի 2014, 20 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 346-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման կարգը, աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի հայտի ձևը, լիցենզիայի ձևը, հայտարարության ձևը, աուդիտ իրականացնող անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն ձեռք բերած անձի, կառավարման մարմնի ղեկավարի, աուդիտորի հետ փոխկապակցված իրավաբանական և ֆիզիկական անձանց մասին տեղեկանքների ձևերը, աուդիտ իրականացնող անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն ձեռք բերած ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ տեղեկանքների ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 19-ի N 262 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 346-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) ուժը կորցրած ճանաչել կարգի 6-րդ կետի 8-րդ ենթակետը.
2) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին կետով.
«6.1. Լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիաների գրանցամատյաններից այլ անձանց տեղեկություններ տրամադրելու, ինչպես նաև այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու, որակավորման քննությանը մասնակցելու համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով:».
3) կարգի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Եթե օրենքի 26.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում լիցենզիայի հայտը չի մերժվում, և հայտատուն օրենքով սահմանված կարգով և չափով վճարել է պետական տուրք, ապա հայտատուն համարվում է լիցենզավորված` օրենքի 26.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետին հաջորդող հինգերորդ աշխատանքային օրը և այդ օրվանից իրավունք ունի զբաղվելու աուդիտորական ծառայությունների իրականացմամբ, իսկ լիցենզավորող մարմինը պարտավոր է օրենքի 26.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետին հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տրամադրել լիցենզիա:».
4) կարգի 10-րդ կետում «քննում է հանձնաժողովը» բառերը փոխարինել «քննում է աուդիտորական ծառայությունների իրականացումը լիցենզավորող հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: