Կառավարության որոշումներ

26 Դեկտեմբերի 2013, 1490 - Ա

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածը, 68-րդ հոդվածի 7-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` 47706 մետր երկարությամբ և 1 052 934 072 դրամ հաշվեկշռային արժեքով (d= 820-920 մմ տրամագծով) Կամենկա-Վանաձոր ջրատարի խողովակաշարով (այսուհետ` գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` պահատվության պայմանագրով ի պահ հանձնելով «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը:
4. Սույն որոշման 1-ին կետի համաձայն գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով։
5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ սույն որոշման 1-ին կետում նշված՝ անկախ գնահատողի կողմից 2013 թվականի հոկտեմբերի 28-ին 1 116 331 300 դրամ գնահատված արժեքով գույքը՝ համաձայն հավելվածի, որպես գույքի առանձին տարրեր, օտարել մրցութով:
6. Սահմանել մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը` համաձայն հավելվածի:
7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝
1) օտարվող գույքի համար առաջարկվող գինը.
2) օտարվող գույքն օգտագործելը՝ ներկայացված գործարար ծրագրին համապատասխան.
3) օտարվող գույքի արժեքի առնվազն 65 տոկոսը որպես կանխավճար մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում վճարելը:
8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) սահմանված կարգով վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
3) մրցույթի հաղթողների կողմից (այսուհետ՝ գնորդ) գույքի վաճառքի գումարի կանխավճարի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդների հետ կնքել օտարման մասին պայմանագիր.
4) սույն որոշմամբ նախատեսված մրցույթը չկայանալու դեպքում վեցամսյա ժամկետում կազմակերպել նոր մրցույթներ:
9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
10. Սահմանել, որ մրցույթի արդյունքում օտարված գույքի վաճառքի գումարը ենթակա է մուտքագրման <<Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր>> գանձապետական հաշվում:
11. Մրցույթի հաղթողները գույքի արժեքի կանխավճարը պետք է վճարեն մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում, իսկ վաճառքի գումարի մնացած մասը՝ պայմանագրի կնքումից հետո եռամսյա ժամկետում:
12. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված խողովակաշարերի վերջնական չափերը փաստացի ապամոնտաժման և տեղափոխման արդյունքներով կճշգրտվեն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի և գնորդի կողմից կազմված ակտի հիման վրա՝ անհրաժեշտության դեպքում կատարելով համապատասխան վերահաշվարկ վերջնական վճարման ենթակա գումարում՝ հիմք ընդունելով սույն որոշման հավելվածում նշված խողովակաշարի մեկ գծամետրի վաճառքի նվազագույն գինը, բայց ոչ ավելի քան վերջնական վճարման ենթակա գումարը:
13. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին սույն որոշման 1-ին կետով նախատեսված գույքի օտարման արդյունքում «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից հետագա շահագործման համար ոչ պիտանի Կամենկա-Վանաձոր ջրատարի մաս հանդիսացող դիտահորերի, փականների, հենասյուների, պատվարների և այլ երկաթբետոնյա կառուցվածքների, արտահոսքի խողովակների և պահակատան մասով ապահովել գույքագրման, զննման ակտերի կազմման, պիտանի գույքի «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության պահեստ գույքագրման, ինչպես նաև մնացած գույքի և թունելում գտնվող խողովակների ընկերության հաշվեկշռից դուրս գրման աշխատանքները` կատարելով համապատասխան ճշգրտումներ:
14. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` սույն որոշման 7-րդ կետի 3-րդ ենթակետում նշված կանխավճարները վճարելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 10-րդ կետում նշված գումարը Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից որպես ընթացիկ դրամաշնորհ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման <<Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին>> հոդվածով` ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպություններին տրամադրելու (նշված գումարի վճարման սխեման դիտարկելով որպես ջրօգտագործողների ընկերություններին վճարում՝ վերջիններիս մոտ ոռոգում-ջրառի գծով առաջացած պարտավորությունները նվազեցնելու համար), ջրօգտագործողների ընկերությունների (հետագայում վերջիններիս անհատույց օգտագործման իրավունքով փոխանցման համար) սպասարկման տարածքում կապիտալ ակտիվների շինարարության (ձեռքբերման), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի տարեկան ծրագրային ցուցանիշների սույն որոշման 10-րդ կետում նշված գումարի չափով մուտքերի ավելացման վերաբերյալ:


Հավելված_