Կառավարության որոշումներ

31 Հոկտեմբերի 2013, 1357 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 363-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի համաձայն ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 2-ի «Էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 363-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 41-րդ կետում`
ա. «անտառային տարածքներով» բառերը փոխարինել «անտառների և անտառային հողերի տարածքներով» բառերով,
բ. «անտառուղիները» բառից հետո կետը լրացնել «(սույն կանոնակարգի իմաստով անտառուղիներ՝ էլեկտրահաղորդման օդային գծերի տակ գտնվող և հաղորդալարերին անմիջականորեն մոտ աճող ծառերով և թփերով պատված տարածքներ)» բառերով,
գ. 4-րդ ենթակետից հետո կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.
«5) հրդեհավտանգ ժամանակաշրջանում ապահովել հենասյուների անվտանգությունը` դրանք շրջափակելով հանքայնացված հողաշերտով».
2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 41.1-ին կետով.
«41.1. Սույն կանոնակարգի 41-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված միջոցառումներն իրականացվում են գծերը տնօրինողի կողմից տրամադրված ֆինանսական միջոցների հաշվին:».
3) 42-րդ կետում՝
ա. «անտառային ֆոնդի հողատարածքներով» բառերը փոխարինել «անտառների և անտառային հողերի տարածքներով» բառերով,
բ. երկրորդ նախադասութունը «համաձայն» բառից հետո լրացնել «, դրա մասին նախապես իրազեկելով համապատասխան համայնքի ղեկավարին:» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում մշակել և սահմանված կարգով ընդունել էլեկտրական ցանցերի համակարգի անխափան գործունեությանն ու անտառուղիներում, անտառների և անտառային հողերի տարածքներում հրդեհաանվտանգ վիճակի ապահովմանն ուղղված աշխատանքների իրականացման մասին համատեղ հրաման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: