Կառավարության որոշումներ

15 Սեպտեմբերի 2005, 1726 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1664-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին»

N 1664-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

որոշմամբ հաստատված կանոնադրության մեջ`

ա) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Ինստիտուտի կառավարումն իրականացվում է ինքնակառավարման հիման վրա` միանձնյա ղեկավարման և կոլեգիալության սկզբունքների զուգակցմամբ, ինստիտուտի խորհրդի, գիտական խորհրդի և ռեկտորատի գործառույթների իրականացմամբ».

բ) ուժը կորցրած ճանաչել 11-րդ կետի «ա» և «է» ենթակետերը.

գ) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ը» ենթակետով.

«ը) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ».

դ) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Ինստիտուտի կառավարման բարձրագույն մարմինը խորհուրդն է: Ինստիտուտի խորհուրդը կոլեգիալ կառավարման մարմին է, որն ստեղծվում է 5 տարի ժամկետով` սույն կանոնադրությանը համապատասխան, այդ ընթացքում խորհրդի անդամների մասնակի շրջափոխությամբ: Խորհրդի անդամների թիվը 24-ն է».

ե) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Խորհուրդը`

ա) ընտրում է նախագահ` խորհրդի հերթական նիստերը վարելու և նիստերի միջև ընկած ժամանակահատվածում խորհրդի նիստերից բխող հանձնարարականների կատարմանը հետևելու համար.

բ) հաստատում է իր աշխատակարգը.

գ) խորհրդի անդամը պարտավոր է մասնակցել խորհրդի նիստերին, խորհրդի օրակարգային հարցերի քննարկումներին և կատարել խորհրդի որոշումներից բխող հանձնարարականները,

դ) խորհրդի գործունեության մեջ են մտնում ինստիտուտի բյուջեի, ռազմավարական ծրագրերի հաստատումը, ինստիտուտի գործունեության տարեկան հաշվետվության (որը ներկայացնում է ռեկտորը) լսումն ու գնահատումը, ռեկտորի ընտրությունը, ինչպես նաև ինստիտուտի կանոնադրությունը, դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունը լիազոր մարմին ներկայացնելը».

զ) ուժը կորցրած ճանաչել 15-րդ կետը.

է) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15.1-15.9-րդ կետերով.

«15.1. Խորհուրդը ձևավորվում է ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, հիմնադրի և պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) ներկայացուցիչներից:

Ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել հաստատության ցանկացած աշխատող` հաստատության կառուցվածքային միավորների կողմից`

ա) ինստիտուտի կառուցվածքային միավորների կողմից առաջադրված անձանց թեկնածություններն ընտրվում են ինստիտուտի գիտական խորհրդում և ներկայացվում լիազոր մարմին.

բ) պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:

15.2. Ինստիտուտի ուսանողության ներկայացուցիչներից խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ֆակուլտետների ուսանողական խորհուրդները`

ա) ուսանողական խորհուրդների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվ դիրքորոշում ունեցող ցանկացած սովորող (ուսանող կամ ասպիրանտ).

բ) ինստիտուտի ուսանողական խորհուրդն ընտրում է ֆակուլտետներից առաջադրված սովորողների թեկնածությունները և ներկայացնում լիազոր մարմին.

գ) ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:

15.3. Հիմնադրի անունից խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը` պետական պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 25 տոկոսը):

15.4. Լիազոր մարմնի կողմից խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ, ինչպես նաև ճանաչված գործատուներ (խորհրդի կազմի 25 տոկոսը):

15.5. Առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա խորհրդի կազմը, լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

15.6. Խորհուրդն իր կազմից, բացի ուսանողության ներկայացուցիչներից, ընտրում է նախագահ: Խորհրդի նախագահը չի կարող լինել նույն բուհում հաստիքային աշխատող (դեկան, ամբիոնի վարիչ, դասախոս): Խորհրդի նախագահը նույն բուհում պահպանում է ժամավճարի սկզբունքով դասախոսելու իրավունքը:

15.7. Խորհրդի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել`

ա) իր դիմումի համաձայն.

բ) խորհրդի անդամի անգործության հիմնավորմամբ կամ մահվան պատճառով.

գ) խորհրդի անդամի թեկնածությունն առաջադրող մարմնի առաջարկությամբ.

դ) ըստ պաշտոնի առաջադրվելու դեպքում` պաշտոնից ազատվելու հետևանքով.

ե) որպես ուսանող առաջադրվելու դեպքում` ուսանողի կարգավիճակը կորցնելու հետևանքով:

15.8. Խորհրդի անդամի լիազորությունները, լիազոր մարմնի ներկայացմամբ, դադարեցվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:

15.9. Խորհրդի կազմում թափուր տեղեր առաջանալու դեպքում այն համալրվում է սույն կանոնադրության 15.1-15.5-րդ կետերի պահանջներին համապատասխան:

Խորհրդի անգործության դեպքում հիմնադիրը կարող է վաղաժամկետ դադարեցնել խորհրդի նախագահի լիազորությունները կամ լուծարել խորհուրդը».

ը) 17-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժ» և «ժա» ենթակետերով.

«ժ) հաստատում է ինստիտուտի ֆակուլտետի դեկանի և ամբիոնի վարիչի ընտրությունների կարգերը.

ժա) հաստատում է ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումների օրինակելի կանոնադրությունները».

թ) 18-րդ կետի երրորդ պարբերությունից հանել «և կենսագործվում ռեկտորի հրամաններով» բառերը.

ժ) 19-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «Ռեկտորատի որոշումները կենսագործվում են ռեկտորի հրամաններով» բառերը.

ժա) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20. Ինստիտուտի ընթացիկ ղեկավարումն իր իրավասության սահմաններում իրականացնում է գործադիր մարմինը` ինստիտուտի ռեկտորը, որն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով` ինստիտուտի խորհրդում, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Ինստիտուտի ռեկտոր կարող է ընտրվել գիտամանկավարժական աշխատանքի փորձ, գիտությունների դոկտորի աստիճան և (կամ) պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձը: Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում: Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը: Արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում, համաձայն գործող կարգի, նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն: Եթե նույն թեկնածուն ընտրություններում հավաքում է խորհրդի անդամների ձայների առնվազն երկու երրորդը, ապա հիմնադիրը հաստատում է խորհրդի որոշումը:

Ինստիտուտի ռեկտորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են օրենքով սահմանված կարգով».

ժբ) 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«28. Ֆակուլտետի գործունեությունը, սահմանված կարգին համապատասխան, կազմակերպում, ղեկավարում և իրականացնում է ֆակուլտետի դեկանը:

Ֆակուլտետի դեկանի ընտրության կարգը հաստատում է բուհի գիտական խորհուրդը».

ժգ) 30-րդ կետն առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Ամբիոնը ղեկավարում է ամբիոնի վարիչը, որն ընտրվում է ինստիտուտի գիտական խորհրդի սահմանած կարգով և պաշտոնի է նշանակվում ինստիտուտի ռեկտորի հրամանով` մինչև 5 տարի ժամկետով».

ժդ) 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«33. Ինստիտուտում իրականացվում է դիպլոմավորված մասնագետի և երկաստիճան ուսուցման համակարգով կրթական ծրագրերի ուսուցում: Ինստիտուտի ուսուցման յուրաքանչյուր աստիճանի շրջանավարտներին տրվում է համապատասխան որակավորում և ավարտական փաստաթուղթ (դիպլոմ)».

ժե) 44-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«44. Ինստիտուտի ուսանողներ են համարվում սահմանված կարգով բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունված, ռեկտորի կողմից հրամանագրված և բարձրագույն մասնագիտական կրթության կրթական որևէ ծրագրով ուսումնառող անձինք».

ժզ) 60-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«60. Ինստիտուտի ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը ենթակա է վերստուգման (աուդիտի)` լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ ֆինանսների կառավարման պետական լիազոր մարմնի կողմից»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: