Կառավարության որոշումներ

12 Դեկտեմբերի 2013, 1395 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ ԴԵՊՈԶԻՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի գյուղական համայնքում 2013 թվականին տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած ընտանիքների բնակարանային պայմաններն անհատույց պետական ֆինանսական աջակցության (այսուհետ՝ աջակցություն) տրամադրման միջոցով բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին հատկացնել 21,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացում՝ համաձայն N 1 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ մինչև 2013 թվականի դեկտեմբերի 27-ը սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարի` մինչև 2013 թվականի դեկտեմբերի 26-ը չօգտագործված միջոցները որպես կանխավճար փոխանցել այդ նպատակով գանձապետարանում բացված հատուկ դեպոզիտային հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` գանձապետարանում բացել հատուկ դեպոզիտային հաշիվ՝ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը ժամկետով, սույն որոշմամբ կատարված հատկացումների ֆինանսավորումը 2014 թվականի ընթացքում իրականացնելու նպատակով:
5. Հաստատել սույն որոշման 1-ին կետով աջակցություն ստացող ընտանիքների ցուցակը՝ համաձայն N 2 հավելվածի:
6. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետով նախատեսված աջակցությունը տրամադրվում է շուկայից պատրաստի բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար.
2) սույն որոշմամբ ամրագրված աջակցության չափից ցածր արժողությամբ բնակելի տան (բնակարանի) ձեռքբերման դեպքում արժեքների տարբերությունը մնում է աջակցություն ստացող անձի տրամադրության տակ, իսկ ավելի բարձրի դեպքում` արժեքների տարբերությունը լրացվում է աջակցություն ստացողի սեփական միջոցների հաշվին.
3) աջակցության տրամադրման պայմանների կատարման և տրամադրվող գումարի նպատակային օգտագործման նկատմամբ կողմերի պարտավորություններն ու իրավունքները, ինչպես նաև սույն որոշման 6-րդ կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի և աջակցություն ստացող քաղաքացու միջև կնքված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աջակցություն ստանալու մասին պայմանագրով.
4) աջակցության միջոցով բնակելի տան (բնակարանի) ձեռքբերման ժամկետը սահմանվում է սույն կետի 3-րդ ենթակետի համաձայն պայմանագրի կնքման օրվանից
6 ամիս, բայց ոչ ուշ, քան մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հավելված