14 Նոյեմբերի 2013, 1260 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 176-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ` ՔԱՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ N 5 ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ` ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի N 682 որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի «Համայնքներին անավարտ շինարարության օբյեկտներ հանձնելու մասին» N 176-Ա որոշման հավելվածի «Շիրակի մարզ» բաժնի «Անիի տարածաշրջան» ենթաբաժնի «Մարալիկ քաղաք» գլխից հանել «Մոնոլիտ շ. N 17», «Մոնոլիտ շ. N 22», «Մոնոլիտ շ. N 26», «Մոնոլիտ շ. N 27», «Մոնոլիտ շ. N 28» և «Մոնոլիտ շ. N 35» տողերը:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Շիրազի փողոցի NN 26 և 27 շենքերի շինարարական աշխատանքների ավարտման փաստագրումից հետո մեկամսյա ժամկետում այդ շենքերը որպես սոցիալական բնակարանային ֆոնդ փոխանցել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվեկշռին` դրանց նկատմամբ իրավունքների պետական գրանցումն ապահովելու համար:
3. Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեներով նախատեսված միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում կառուցված NN 17, 22, 28 և 35 բազմաբնակարան շենքերի բնակարանների հատկացմամբ լուծել Մարալիկ քաղաքի` քանդման ենթակա N 5 վթարային շենքի բնակիչների վերաբնակեցման` անվտանգ բնակելի տարածությամբ ապահովման, ինչպես նաև Մարալիկ քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 432 որոշման 1-ին կետով հաստատված կարգի դրույթների համաձայն համայնքի ղեկավարի կողմից 2008 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ հաստատված` բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակում հաշվառված անձանց բնակարանային խնդիրները:
4. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետում նշված շենքերի բնակարանները հատկացվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի կողմից ստեղծված բնակարանների բաշխման հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունների հիման վրա բնակարան ստացող անձանց և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն կնքված համապատասխան պայմանագրերով`
1) Մարալիկ քաղաքի` քանդման ենթակա N 5 վթարային շենքի բնակարանների սեփականատերերին` շենքում սեփականության (համատեղ սեփականության) իրավունքով պատկանող բնակարանը համայնքին նվիրաբերելու և հետագայում պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններ բնակարանային պահանջ չներկայացնելու մասին նոտարական կարգով վավերացված հայտարարության առկայության պայմաններում`
ա. այլ հասցեներում սեփականության (համատեղ սեփականության) իրավունքով բնակարան (բնակելի տուն) չունեցող անձանց` իրենց պատկանող բնակարանի (սենյակների թվով) չափին համապատասխան,
բ. այլ հասցեներում սեփականության (համատեղ սեփականության) իրավունքով բնակարան (բնակելի տուն) ունեցող անձանց` իրենց պատկանող բնակարանի (սենյակների թվով) չափից մեկ սենյակով պակաս սենյակների թվով բնակարան, իսկ 1-սենյականոց բնակարանի դեպքում` 1-սենյականոց բնակարան.
2) Մարալիկ քաղաքի` քանդման ենթակա N 5 վթարային շենքի բնակարանների վարձակալներին` որպես սոցիալական վարձակալությամբ բնակարան` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 432 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 16-րդ կետով սահմանված նորմերի համաձայն.
3) Մարալիկ քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց` սեփականության իրավունքով` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 432 որոշման 1-ին կետով հաստատված կարգի դրույթների համաձայն.
4) բնակարանի հատկացման ժամանակ առաջնահերթությունը տրվում է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին, Մարալիկ քաղաքի` քանդման ենթակա N 5 վթարային շենքի բնակարաններում փաստացի բնակվող վարձակալներին, ինչպես նաև շենքում փաստացի բնակվող և այլ հասցեներում սեփականության իրավունքով բնակարան (բնակելի տուն) չունեցող սեփականատերերին.
5) Մարալիկ քաղաքի NN 17, 22, 28 և 35 շենքերի կառուցվածքում բնակարանային պահանջարկի ապահովման համար անհրաժեշտ բնակարանների (սենյակների թվով) բացակայության դեպքում կարող է հատկացվել` 3-սենյականոց բնակարան ստանալուն հավակնող ընտանիքներին` երկու հատ 1-սենյականոց բնակարան, իսկ 4-սենյականոց բնակարան ստանալուն հավակնող ընտանիքներին` մեկ հատ 1-սենյականոց և մեկ հատ 2-սենյականոց կամ երեք հատ 1 սենյականոց բնակարաններ.
6) սույն որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն կնքվող համապատասխան պայմանագրերի նոտարական վավերացման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են բնակարան ստացող անձանց միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` սույն որոշման 4-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված անձանց փաստաթղթային փաթեթների ուսումնասիրության արդյունքների հիման վրա հաստատել Մարալիկ քաղաքի NN 17, 22, 28 և 35 շենքերից բնակարան ստացող ընտանիքների ցուցակը.
2) Մարալիկ քաղաքի NN 17, 22, 28 և 35 շենքերի շինարարական աշխատանքների ավարտման փաստագրումից հետո մեկամսյա ժամկետում` նշված շենքերից բնակարան ստացող անձանց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից կնքել`
ա. Մարալիկ քաղաքի` քանդման ենթակա N 5 վթարային շենքի բնակարանների վարձակալների հետ` վարձակալության, իսկ բնակարանների սեփականատերերի հետ` պետական աջակցության մասին պայմանագրեր` սահմանելով բնակարանների հատկացման ու քանդման ենթակա վթարային շենքի` իրենց բնակարանների ազատման հիմնական պայմանները,
բ. երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հետ` նվիրատվության (անհատույց մասնավորեցման) մասին պայմանագրեր:
6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարալիկի քաղաքային համայնքի ղեկավարին`
1) Մարալիկ քաղաքի` քանդման ենթակա N 5 վթարային շենքի քանդման աշխատանքներն իրականացնել համայնքի միջոցների հաշվին.
2) Մարալիկ քաղաքի` քանդման ենթակա N 5 վթարային շենքի բնակեցումից ազատված բնակարանների, ինչպես նաև ապամոնտաժման աշխատանքների ավարտման մասին տեղեկատվությունը և սահմանված կարգով տրված քանդման թույլտվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` բնակեցումից ազատված բնակարանների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման սահմանափակումները կիրառելու և քանդված բնակարանների նկատմամբ նախկինում կատարված իրավունքների պետական գրանցումները դադարեցնելու նպատակով։
7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և առաջարկել Մարալիկի քաղաքապետին` քանդման ենթակա բնակելի տների բնակեցումից ազատված բնակարաններում չիրականացնել քաղաքացիների կրկնակի բնակեցում և հաշվառում: