Կառավարության որոշումներ

31 Հոկտեմբերի 2013, 1200 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 946-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին, 9-րդ և 10-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի «Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու, հյու-րանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը և որակավորման ընթացակարգը հաստատելու մասին» N 946-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետի «ա» ենթակետը «պայմանագրի» բառից առաջ լրացնել «հյուրանոցային ծառայությունների մատուցման» բառերով.
2) որոշման N 1 հավելվածում`
ա. 3-րդ կետում «առևտրի և տնտեսական զարգացման» բառերը փոխարինել «էկոնոմիկայի» բառով,
բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հյուրանոցային տնտեսության օբյեկտի որակավորման կարգ ստանալու նպատակով հյուրանոցային ծառայություններ մատուցող իրավաբանական կամ ֆիզիկական անձը (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում) կամ անհատ ձեռնարկատերը (այսուհետ` հայտատու) որակավորող մարմին է ներկայացնում հայտ` թղթային կամ էլեկտրոնային եղանակով, որում նշվում են հյուրանոցային տնտեսության օբյեկտի անվանումը, տեսակը, կոնտակտային տվյալները (այդ թվում` էլեկտրոնային փոստի հասցեն) ու ակնկալվող որակավորման կարգը և համապատասխանաբար պետական գրանցման կամ հաշվառման համարը:»,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.
«4.1. Էլեկտրոնային եղանակով հայտը ներկայացնելու և ընդունելու գործընթացն իրականացվում է հետևյալ կերպ`
ա) հայտը և սույն ընթացակարգով նախատեսված փաստաթղթերի տեսաներածված պատճենները ներկայացվում են secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեով` DOC, DOCX, PDF, JPEG, XLS կամ XLSX ֆորմատների ֆայլերի տեսքով,
բ) հայտը համարվում է ընդունված՝ որակավորող մարմին մուտք լինելու օրվանից,
գ) հայտատուն սույն ընթացակարգի 19-րդ կետով նախատեսված դրական եզրակացությամբ արձանագրությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում որակավորող մարմին է ներկայացնում այն փաստաթղթերի բնօրինակները, որոնք օրենքով կամ սույն ընթացակարգով որակավորող մարմին պետք է ներկայացվեն բնօրինակի տեսքով,
դ) որակավորող մարմինը հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է էլեկտրոնային եղանակով ներկայացված հայտին կցված փաստաթղթերի տեսաներածված պատճենների հետ` դրանց պատշաճ լինելու մեջ հավաստիանալու նպատակով, որից հետո փաստաթղթերի բնօրինակները, բացառությամբ պետական տուրքի անդորրագրի, վերադարձվում են հայտատուին:»,
դ. 5-րդ կետի «բ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 1998 թվականի նոյեմբերի 25-ի N 168 հրամանին» բառերը փոխարինել «քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի սահմանած կարգին» բառերով, իսկ «այլ իրավական ակտ» բառերը` «` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթուղթ» բառերով,
ե. 5-րդ կետի «գ» և «դ» ենթակետերում «10» թիվը փոխարինել «30» թվով,
զ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Հայտն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում որակավորող մարմինը քննարկում է այն, շարունակում որակավորման գործընթացը կամ ընդունում որոշում հայտը մերժելու մասին:»,
է. 7-րդ կետի «ա» ենթակետում «5-րդ կետով» բառերը փոխարինել «4.1-ին կետի «գ» ենթակետով, 5-րդ և 19.1-ին կետերով» բառերով,
ը. 9-րդ կետը «պատշաճ ձևով» բառերից հետո լրացնել «(էլեկտրոնային եղանակով հայտի ստացման դեպքում` էլեկտրոնային փոստի հասցեին)» բառերով,
թ. 13-րդ կետում «9» թիվը փոխարինել «11» թվով,
ժ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 19.1-ին կետով.
«19.1. Հայտատուն սույն ընթացակարգի 19-րդ կետով նախատեսված դրական եզրակացությամբ արձանագրությունն ստանալուց հետո 3-օրյա ժամկետում որակավորող մարմին է ներկայացնում պետական տուրքի վճարման անդորրագիրը, իսկ էլեկտրոնային վճարման պետական համակարգի միջոցով վճարում կատարելու դեպքում` էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց համարը:»,
ժա. 26-րդ կետից հանել «ա» տառը,
ժբ. 27-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 27.1-ին կետով.
«27.1. Որակավորման կարգ ունեցող հյուրանոցային տնտեսության օբյեկտի անվանման փոփոխության դեպքում հյուրանոցային ծառայություն մատուցող անձը դրա մասին տեղեկացնում է որակավորող մարմնին` հանձնելով որակավորման վկայականը, ինչի հիման վրա որակավորող մարմնի որոշմամբ տրվում է նոր որակավորման վկայական:»,
ժգ. VI գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«VI. ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ` ԸՍՏ ՏԵՍԱԿԻ
ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՆՇԱՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

31. Հյուրանոցային տնտեսության օբյեկտի որակավորման կարգը հավաստվում է համապատասխան որակավորման վկայականով:
32. Հյուրանոցային տնտեսության օբյեկտի որակավորման կարգի նշանի գրաֆիկական պատկերը ցանկացած չափի համապատասխան հնգաթև աստղերն են կամ ցանկացած չափի հռոմեական թվանշանները, իսկ հինգաստղանի «Դելյուքս» հյուրանոցների համար` ցանկացած չափի հինգ հնգաթև աստղեր և «Դելյուքս» գրառումը: Ընդ որում, հյուրանոցային ծառայություններ մատուցող անձի ցանկությամբ «Դելյուքս» գրառումը կարող է նշվել նաև անգլերեն` «Deluxe» տառադարձությամբ:
33. Հյուրանոցային տնտեսության օբյեկտի տեսակը, անվանումը, որակավորման վկայականով հավաստված որակավորման կարգին համապատասխանող նշանը նշվում են հյուրանոցային տնտեսության օբյեկտի ճակատային մասում` սպառողների համար դրսից տեսանելի հատվածում, ընդունելության նախասրահում, ինչպես նաև գլխավոր մուտքի հարակից պատին տեղադրվող ցուցանակի վրա: Որակավորման կարգ ունեցող հյուրանոցային տնտեսության օբյեկտի ցուցանակի վրա նշվում է նաև որակավորող մարմնի անվանումը: Սույն կետով նախատեսված տեղեկատվությունը հյուրանոցային ծառայություններ մատուցող անձի ցանկությամբ կարող է նշվել նաև այլ լեզուներով:
34. Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձը հյուրանոցային տնտեսության օբյեկտն ինտերնետային կայքում կամ գովազդային նյութերում (գովազդային պրակներ, զանգվածային լրատվության միջոցներով գովազդներ և այլն) ներկայացնելիս պետք է նշի հյուրանոցային տնտեսության օբյեկտի անվանումը, տեսակը և որակավորման վկայականով հավաստված որակավորման կարգին համապատասխանող նշանը` սույն կարգին համապատասխան:
35. Որակավորող մարմինը, համաձայն հյուրանոցային տնտեսության օբյեկտների առանձին տեսակների, վարում է որակավորման կարգ ստացած հյուրանոցային տնտեսության օբյեկտի գրանցամատյան, որը բաց է հանրության համար:».
3) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

 

Հավելված