29 Օգոստոսի 2013, 924 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի միջև կնքված` Գործառույթների իրականացման օժանդակության և ֆինանսական համաձայնագրով սահմանված` «Երևանի Բ. Ժամկոչյանի անվան N 119 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության նոր մասնաշենքի կառուցման նախահաշվով նախատեսված 57560.7 հազ. դրամ գումարի չափով իրականացվող աշխատանքները կատարել համաֆինանսավորման ձևով:
3. «Երևանի Բ. Ժամկոչյանի անվան N 119 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության նոր մասնաշենքի կառուցման աշխատանքների իրականացման նպատակով դպրոցին տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2013 թվականի ինն ամսում հատկացնել 8980.9 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշման 3-րդ կետով նախատեսված գումարը «Երևանի Բ. Ժամկոչյանի անվան N 119 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: