Կառավարության որոշումներ

1 Օգոստոսի 2013, 846 - Ն

ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1325-Ն ՈՒ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 946-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 5-րդ և 6-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել`
1) հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող տեխնիկական պահանջները` համաձայն N 1 հավելվածի.
2) հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման 1-ին կետով հաստատվող պահանջները և կարգը կիրառվում են «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի համաձայն 2013 թվականի հուլիսի 1-ից կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների նկատմամբ.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառող՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպությունների, դրանց առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանական գործունեություն իրականացնողների (այսուհետ՝ ՀԴՄ կիրառողներ) նկատմամբ կիրառելի չեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները հաստատելու մասին» N 1325-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաներին և դրանց շահագործման համար օգտագործվող ժապավեններին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 946-Ն որոշումների դրույթները:
3. 2015 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները հաստատելու մասին» N 1325-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաներին և դրանց շահագործման համար օգտագործվող ժապավեններին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 946-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2013 թվականի հուլիսի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա:
 

Հավելված