1 Օգոստոսի 2013, 834 - Ն
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 446-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված՝ օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպություների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակների գործունեության կազմակերպման կանոնակարգի 1-ին կետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև 2012 թվականի նոյեմբերի 23-ին ստորագրված վարկային համաձայնագրով նախատեսված Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի շրջանակներում Հայաստանի և Վրաստանի միջև գտնվող Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի տարածքում նոր կամրջի կառուցման բաղադրիչի իրականացման աշխատանքները կատարելու, այդ թվում` աշխատանքների, ապրանքների, ծառայությունների գնումներն իրականացնելու, կառավարելու, վերահսկելու և գնահատելու իրավասությունները վերապահել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 446-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան ու հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2009 թվականի սեպտեմբերի 15-ին ստորագրված՝ Շրջանակային ֆինանսավորման համաձայնագրով և Հայաստանի Հանրապետության ու Ասիական զարգացման բանկի միջև 2009 թվականի հոկտեմբերի 12-ին ստորագրված «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 1 (հատուկ գործողություններ)» վարկային համաձայնագրով և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման նպատակով կնքվելիք այլ համաձայնագրերով նախատեսված Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման աշխատանքների կատարումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2012 թվականի նոյեմբերի 23-ին ստորագրված՝ «Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագիր» վարկային համաձայնագրով (այսուհետ` բոլորը միասին` համաձայնագիր) նախատեսված ծրագրի Հայաստանի և Վրաստանի միջև գտնվող Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի տարածքում նոր կամրջի կառուցման բաղադրիչի իրականացման աշխատանքների կատարումը, այդ թվում` ապրանքների, ծառայությունների գնումներն իրականացնելու, կառավարելու, վերահսկելու և գնահատելու գործառույթների կատարումը.
2) որոշման հավելվածի`
ա. 3-րդ կետը «այլ համաձայնագրերով» բառերից հետո լրացնել «ու Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագիր» վարկային համաձայնագրով» բառերով.
բ. 10-րդ կետը «ծրագրի» բառից հետո լրացնել «և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: