Կառավարության որոշումներ

13 Հունիսի 2013, 748 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 123-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<Աուդիտորական գործունեության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին, <<Լիցենզավորման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի <<Աուդիտորական որակավորման քննությունների անցկացման կարգը և քննությունների ծրագիրը հաստատելու մասին>> N 123-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) ուժը կորցրած ճանաչել 1-ին կետը.
2) 1.1-ին կետից հանել «մինչև նրանց հավատարմագրումը» բառերը.
3) 1.3-րդ կետում <<1-ին կետի <<ա>> ենթակետով հաստատված կարգով>> բառերը փոխարինել <<1.4-րդ կետի <<ա>> ենթակետով սահմանված դրույթներով>> բառերով.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.4-րդ կետով.
<<1.4 Սահմանել, որ`
ա) աուդիտորների որակավորման քննություններն անցկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավատարմագրված մասնագիտացված կառույցը (այսուհետ` մասնագիտացված կառույց): Քննությունների արդյունքների համաձայն աուդիտորի որակավորման վկայականները շնորհում է լիազորված մարմինը` քննությունների արդյունքների մասին տեղեկություններն ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում.
բ) աուդիտորների որակավորման քննություններն անցկացվում են Հաշվապահների միջազգային դաշնության (այսուհետ` ՀՄԴ) կրթական ստանդարտներին համապատասխան կազմված ծրագրով (այսուհետ` որակավորման քննությունների ծրագիր), որը պետք է ներառի հետևյալ բաժինները`
Ֆինանսական հաշվառման հիմունքներ
Ֆինանսական տեղեկատվություն կառավարման համար
Իրավագիտության հիմունքներ
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրություն
Ֆինանսական կառավարում և վերահսկողություն
Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում
Աուդիտ և ներքին վերահսկողություն:>>:
2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն աուդիտորների որակավորման քննությանը մասնակցելու համար լիազորված մարմին դիմած դիմողների քննություններն անցկացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 123-Ն որոշմամբ հաստատված` լիազորված մարմնի կողմից աուդիտորների որակավորման քննությունների անցկացման կարգին համապատասխան:
3. Սույն որոշումն աուդիտորի որակավորման վկայական ունեցող և վերջին երեք տարվա ընթացքում առնվազն մեկ տարի որևէ աուդիտորական ընկերությունում որպես աուդիտոր աշխատած անձանց վրա տարածվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30 ամիս հետո: Գործող վկայականների ժամկետը լրանալու դեպքում դրանց գործողության ժամկետը երկարաձգվում է մինչև սույն կետում նշված երեսունամսյա ժամանակահատվածը լրանալը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: