27 Հունիսի 2013, 687 - Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Նորք-Մարաշի վարչական շրջանի, Նորքի 11-րդ փողոցի N 62 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 147 քառ. մետր մակերեսով և Երևան քաղաքի Արաբկիրի վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ N 14 հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկից 102.2 քառ. մետր մակերեսով տարածքները (այսուհետ՝ տարածքներ) համապատասխանաբար հետ վերցնել «Երևանի թիվ 157 միջնակարգ դպրոց» ու «Երևանի թիվ 37 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություններից և տասը տարի ժամկետով,
անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հայաստանի Հանրապետության երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը՝ իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների անհատույց օգտագործման մասին պայմանագրեր (այսուհետ` պայմանագրեր)՝ պայմանագրերում նախատեսելով, որ`
1) «Հայաստանի Հանրապետության երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությունը պարտավոր է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն՝ յուրաքանչյուր կիսամյակի ավարտից 15-օրյա ժամկետում.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացվելու դեպքում «Հայաստանի Հանրապետության երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության հետ կնքված անհատույց օգտագործման մասին պայմանագրերը ենթակա են լուծման:
3. Սահմանել, որ պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` «Հայաստանի Հանրապետության երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության միջոցների հաշվին: