27 Հունիսի 2013, 675 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 1002-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը հաստատելու մասին» N 1002-Ն որոշման կարգում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող` համապատասխան համայնքում, իսկ դրա բացակայության դեպքում` համապատասխան մարզի մյուս համայնքներում հաշվառված մեկից ավելի անձանց կողմից դիմում ներկայացվելու դեպքում` նախապատվության իրավունքը տրվում է տվյալ քաղաքապետարանի (գյուղապետարանի) աշխատակազմի (այսուհետ՝ աշխատակազմ) հաստիքների կրճատման հիմքով պաշտոնից ազատված և կադրերի ռեզերվում գրանցված անձին, այս պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում` առավել բարձր համայնքային ծառայության դասային աստիճան կամ դրան համապատասխանող` պետական ծառայության դասային աստիճան (կոչում) ունեցող անձին, այս պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում՝ տվյալ աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կազմակերպված մրցույթում հաղթող ճանաչվելու և պաշտոնում չնշանակվելու հիմքով կադրերի ռեզերվում գրանցված անձին, այս պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում` համայնքային ծառայության առավել երկար ստաժ ունեցող անձին, այս պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում` պետական ծառայության առավել երկար ստաժ ունեցող անձին, այս պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում` կադրերի ռեզերվում առավել երկար ժամկետով գտնվող անձին, իսկ այս պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում` առավել երկար աշխատանքային ստաժ ունեցող անձին:».
2) 17-րդ կետում`
ա. հանել «ժամկետային աշխատանքային» բառերը,
բ. «և «ժթ» բառերը փոխարինել «ժթ» և «իբ» բառերով,
գ. «ազատվելու» բառից հետո կետը լրացնել «կամ սույն կարգի 21-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված հիմքով պայմանագիրը լուծվելու» բառերով.
3) 21-րդ կետում`
ա. 2-րդ ենթակետը «ժթ» բառից հետո լրացնել «և «իբ» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.
«4) տվյալ պաշտոնը պայմանագրով զբաղեցնող անձի կողմից նույն պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թեստավորման կամ հարցազրույցի փուլը չհաղթահարելու դեպքում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: