6 Հունիսի 2013, 652 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀՈՂԻ ՀԱՐԿ ԵՎ ՀՈՂԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՅԴ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՋՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում 2013 թվականի մայիսի 12-ի կարկտահարության հետևանքով մարզի համայնքների հողի հարկ և հողի վարձակալության վճար վճարող, ինչպես նաև ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում ընդգրկված այդ համայնքներում ոռոգման ջուր օգտագործող ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով` «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 214,040.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով), որից` առաջին կիսամյակում` 107,020,0 հազ. դրամ և ինն ամսում` 214,040.0 հազ. դրամ, այդ թվում`
1) 207,000.0 հազ. դրամը (որից` առաջին կիսամյակում` 103,500,0 հազ. դրամ և ինն ամսում` 207,000.0 հազ. դրամ) սույն որոշման N 1 հավելվածում նշված համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների (ներառյալ բնակավայրերում բնակշինարարության համար հատկացված՝ տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողամասերի) հողի հարկի և համայնքի սեփականություն համարվող, ինչպես նաև համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող գյուղատնտեսական նշանակության հողերի վարձավճարների 2013 թվականի համար հաշվարկված` համայնքի բյուջե վճարման ենթակա տարեկան գումարներն այդ վճարները կատարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից, նրանց փոխարեն համապատասխան համայնքի բյուջե վճարելու նպատակով.
2) 7,040.0 հազ. դրամը (որից` առաջին կիսամյակում` 3,520.0 հազ. դրամ և ինն ամսում` 7,040.0 հազ. դրամ) Արմավիր և Հայկավան գյուղական համայնքների կարկտահարված տարածքներում օգտագործվող ոռոգման ջրի արժեքն այն վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից, նրանց փոխարեն համապատասխան համայնքի բյուջե վճարելու նպատակով, այդ թվում` Արմավիր համայնքի բյուջե 4,500.0 հազ. դրամ (որից` առաջին կիսամյակում` 2,250.0 հազ. դրամ և ինն ամսում` 4,500.0 հազ. դրամ), Հայկավան համայնքի բյուջե` 2,540.0 հազ. դրամ (որից` առաջին կիսամյակում` 1,270.0 հազ. դրամ և ինն ամսում` 2,540.0 հազ. դրամ):
2. Ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում ընդգրկված համայնքներում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օգտագործվող ոռոգման ջրի դիմաց 2013 թվականի համար վարձավճարները փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին` համաձայն սույն որոշման N 2 հավելվածի, հատկացնել 650,102.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին» հոդվածով), որից` առաջին կիսամյակում` 325,051.0 հազ. դրամ և ինն ամսում` 650,102.0 հազ. դրամ:
3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝
1) ապահովել սույն որոշման N 1 հավելվածում ընդգրկված համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների (ներառյալ բնակավայրերում բնակշինարարության համար հատկացված՝ տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողամասերի) հողի հարկի և համայնքի սեփականություն համարվող, ինչպես նաև համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող գյուղատնտեսական նշանակության հողերի վարձավճարների գծով սույն որոշման NN 3, 5 հավելվածներով սահմանված ձևով համապատասխան ցանկերի կազմման, համայնքների ավագանիների կողմից հաստատման և սույն որոշումը հաստատվելուց հետո մեկ ամսվա ընթացքում դրանք համայնքների ղեկավարների կողմից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարան ներկայացնելու գործընթացը.
2) սույն որոշման 1-ին կետով հողի հարկի գծով մարզպետարանին տրամադրված գումարները փոխանցել սույն որոշման N 1 հավելվածով սահմանված համայնքների բյուջեներ` յուրաքանչյուր համայնքի համար միասնական գանձապետական հաշվի եկամտային մասում բացված` համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության համար հողի հարկի գծով մուտքերի հաշվառման գործող հաշվեհամարին` համաձայն համայնքի ավագանու կողմից հաստատված և համայնքի ղեկավարի կողմից սույն որոշման N 3 հավելվածով սահմանված ձևով ներկայացված ցանկերի.
3) առաջարկել համայնքների ղեկավարներին սույն որոշման 1-ին կետով հողի հարկի գծով հատկացված գումարներն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում հողի հարկ և գույքահարկ վճարողների հաշվառման ու հողի հարկի և գույքահարկի հաշվարկման ավտոմատացված տեղեկատվական համակարգի միջոցով ապահովել սույն որոշմամբ ընդգրկված անձանց հողի հարկի վճարումների մուտքագրումը.
4) սույն որոշման 1-ին կետով հողի վարձավճարների գծով մարզպետարանին տրամադրված գումարները փոխանցել սույն որոշման N 1 հավելվածով սահմանված համայնքների բյուջեներ` յուրաքանչյուր համայնքի համար միասնական գանձապետական հաշվի եկամտային մասում բացված` համայնքի սեփականություն համարվող, ինչպես նաև համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալության և օգտագործման դիմաց գանձվող վարձավճարների գծով մուտքերի հաշվառման գործող հաշվեհամարին` համաձայն համայնքի ավագանու կողմից հաստատված և համայնքի ղեկավարի կողմից սույն որոշման N 5 հավելվածով սահմանված ձևով ներկայացված ցանկերի.
5) ապահովել համայնքների ղեկավարների կողմից սույն որոշման N 6 հավելվածով սահմանված ձևով ոռոգման ջուր օգտագործող ֆիզիկական և իրավաբանական անձանց ցուցակների կազմման և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարան ներկայացման գործընթացը և դրանց հիման վրա սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված գումարների փոխանցումն Արմավիր և Հայկավան գյուղական համայնքների բյուջեներ:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝
1) ապահովել սույն որոշման N 2 հավելվածում ընդգրկված համայնքներն սպասարկող ջրօգտագործողների ընկերությունների կողմից սույն որոշման N 4 հավելվածով սահմանված ձևով ոռոգման ջուր օգտագործող անձանց ցուցակների կազմման և սույն որոշումը հաստատվելուց հետո մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե նշված ցուցակները ներկայացնելու գործընթացը.
2) սույն որոշման 2-րդ կետով տրամադրված գումարները որոշման N 2 հավելվածի համաձայն փոխանցել համապատասխան համայնքներն սպասարկող ջրօգտագործողների ընկերությունների բանկային հաշիվներին.
3) ապահովել սույն որոշման N 2 հավելվածում ընդգրկված համայնքներն սպասարկող ջրօգտագործողների ընկերությունների կողմից, սույն որոշման 2-րդ կետի համաձայն` տրամադրված գումարներն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում սույն կետի 1-ին ենթակետում նշված ցուցակներով ներկայացված անձանց կողմից օգտագործված ոռոգման ջրի դիմաց վարձավճարների մուտքագրումները:
5. Սույն որոշման 1-ին կետով սահմանված գումարները բաշխելու նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի վրա:
6. Սույն որոշման 2-րդ կետով նախատեսված օգտագործված ոռոգման ջրի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանց վարձավճարները փոխհատուցելու մասով վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի վրա:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: