Կառավարության որոշումներ

2 Մայիսի 2013, 521 - Ա

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազեցման գործակալության և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համաձայնեցված` Ամերիկայի Միացյալ Նահանգներ-Հայաստան կենսաբանական ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի 2017 թվականի գործառնությունների հայեցակարգի 7-րդ գլխի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից (այսուհետ՝ կազմակերպություն) հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված և կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` Երևան քաղաքի Պարույր Սևակի 5/2 հասցեում գտնվող շենքի` 4017.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով ձախակողմյան տարածքը (նկուղային հարկն ամբողջությամբ` 771.4 քառ. մետր, 1-ին հարկից` 1025.1 քառ. մետր, 2-րդ հարկից` 547.4 քառ. մետր, 3-րդ հարկից` 551.8 քառ. մետր, 4-րդ հարկից` 550.5 քառ. մետր և 5-րդ հարկից` 570.9 քառ. մետր) և 74,4 քառ. մետր մակերեսով քիմիական պահեստն ու դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ համապատասխան հողատարածքը (այսուհետ՝ գույք):
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի մասով` կազմակերպության հետ կնքված` գույքի անհատույց օգտագործման պայմանագրի լուծումը:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքը տրամադրվում է վերակառուցման նպատակով` որպես հանրապետական համատեղման լաբորատոր հաստատություն, այդ թվում` նաև կենսաանվտանգության 3-րդ մակարդակ ունեցող (BSL-3) լաբորատոր բաժիններ հիմնելու նպատակով:
4. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը վերակառուցման նպատակով տրամադրելու նախապայման է Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի միջոցների հաշվին Երևան քաղաքի Պարույր Սևակի 5/2 հասցեում գտնվող ամբողջ շենքի վերանորոգումը` ներառյալ ջեռուցման, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, օդափոխության, լուսավորության, անվտանգության համակարգերի, տանիքի, դռների, պատուհանների, հատակի փոխարինումը` համապատասխան լիցենզավորված կազմակերպության կողմից տրված հետազոտության եզրակացության հիման վրա վերակառուցումը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերում նշված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում մշակել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ վերակառուցված շենքն ու դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» և «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկներին ամրացնելու վերաբերյալ:
6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տեղափոխմամբ պայմանավորված` լաբորատորիաների ապամոնտաժման աշխատանքների հետ կապված անհրաժեշտ միջոցների վերաբերյալ: