Կառավարության որոշումներ

8 Սեպտեմբերի 2005, 1627 - Ն

ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԵՎ ԱՎԵՏ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԸ ՄԻԱՑՆՈՂ ՆՈՐ ՄԱՅՐՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ ու Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 104-րդ հոդվածներին համապատասխան, ինչպես նաև Երևան քաղաքի Մխիթար Հերացու և Ավետ Ավետիսյան փողոցները միացնող նոր մայրուղու կառուցապատման ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Երևանի Մխիթար Հերացու և Ավետ Ավետիսյան փողոցները միացնող նոր մայրուղուն հարող տարածքների` պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի (հողամասեր, շենքեր, շինություններ) օտարման գոտիները` 12.2 հեկտար ընդհանուր մակերեսով` համաձայն հավելվածի:

Հողամասերի մակերեսները ենթակա են ճշգրտման՝ համաձայն գույքագրման պայմանագրերի:

2. Երևանի քաղաքապետին՝

ա) եռամսյա ժամկետում ճշտել պետության կարիքների համար վերցվող հողամասերի սահմանները և դրանց օտարման գոտիները գրանցել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում.

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ հոդվածին համապատասխան` սույն որոշման 1-ին կետում նշված օտարման գոտում գտնվող անշարժ գույքի սեփականատերերին և օգտագործողներին սահմանված կարգով տեղեկացնել պետության կարիքների համար օտարման գոտու, նրանց անշարժ գույքը վերցնելու ժամկետների, ‎ֆինանսավորման աղբյուրների և կարգի մասին.

գ) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի հետ համատեղ քննարկել և համապատասխան լուծում տալ Երևան քաղաքի հյուսիսային հատվածում տեղաբաշխված արդյունաբերական կազմակերպությունները երկաթգծով «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության ընդհանուր գծերին միացնելու հարցին` նախագծային և շինմոնտաժային աշխատանքները ներառելով Երևանի Մխիթար Հերացու և Ավետ Ավետիսյան փողոցները միացնող նոր մայրուղու կառուցապատման ծրագրում.

դ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` լիցենզավորված համապատասխան կազմակերպությունների միջոցով որոշել օտարման գոտու տարածքներում անշարժ գույքի իրացման արդյունքում փոխհատուցվող գումարների չափը.

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 408 որոշմամբ սահմանված կարգով ապահովել նշված տարածքների գոտևորման նախագծերի մշակումն ու հաստատումը՝ կառուցապատման ծրագրերի իրականացման նպատակով հողամասերի տրամադրման համար.

զ) կառուցապատման ծրագրերի իրականացումն ապահովել 2005-2009 թվականների ընթացքում` ըստ փուլերի ներգրավված ներդրումների ծավալներին համապատասխան:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: