23 Մայիսի 2013, 533 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին ու 23-րդ հոդվածի 3-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշման 71-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի
N 1616-Ն որոշման 5-րդ, 11-րդ և 12-րդ հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Երևանի Թբիլիսյան խճուղու N 3 հասցեում գտնվող ուսումնաարտադրական մասնաշենքի հիմնանորոգման և կից տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2013 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 62,912.6 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Երևանի Թբիլիսյան խճուղու N 3 հասցեում գտնվող ուսումնաարտադրական մասնաշենքի հիմնանորոգման և կից տարածքի բարեկարգման աշխատանքները ձեռք է բերելու «Ղարաբաղցյան-Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից՝ բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետով նախատեսված ընթացակարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված