Կառավարության որոշումներ

16 Մայիսի 2013, 517 - Ն

ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ ԿԱՐԴԱՑՈՂ ՍԱՐՔԵՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 31-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ձեռք բերված՝ նույնականացման քարտ կարդացող սարքերը կազմակերպություններին (շահառուներին) են տրամադրվում ինքնարժեքով՝ 3500 դրամով.
2) պետական և համայնքային կառավարչական հիմնարկներին, պետական և համայնքային կազմակերպություններին նույնականացման քարտ կարդացող սարքերը տրամադրվում են անվճար՝ պետական կառավարման համապատասխան մարմնի, մարզպետարանի, Երևանի քաղաքապետարանի միջոցով.
3) ԳԱՂՏՆԻ.
4) նույնականացման քարտ կարդացող սարք ձեռք բերելու նպատակով «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամին է ներկայացվում`
ա. պետական կառավարման համապատասխան մարմնի ղեկավարի (մարզպետի, Երևանի քաղաքապետի) գրությունը՝ նույնականացման քարտ կարդացող սարքերն ստանալու համար լիազորված անձի տվյալների և սարքերի անհրաժեշտ թվի վերաբերյալ, կամ,
բ. գանձապետական հատուկ հաշվեհամարին անհրաժեշտ գումարի վճարման անդորրագիրը և կազմակերպության գրությունը, որը պարունակում է կազմակերպության ՀՎՀՀ-ն, անվանումը, սարքը (սարքերը) ստանալու իրավասություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը և անձը հավաստող փաստաթղթի տվյալները.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի N 139-Ն որոշմամբ «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամին որպես դրամաշնորհ տրամադրված 90,580.0 հազ. դրամ գումարից 9,685.1 հազ. դրամը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 16-ի N 31-Ն որոշման 13-րդ կետի համաձայն բացված գանձապետական հատուկ հաշվեհամարին:
2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի N 139-Ն որոշմամբ «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամին որպես դրամաշնորհ տրամադրված 90,580.0 հազ. դրամ գումարից նույնականացման քարտ կարդացող սարքեր ձեռք բերելու և սարքերը կազմակերպություններին (շահառուներին) տրամադրելու համար կարող է ծախսվել առավելագույնը 80,894.9 հազ. դրամ` ներառյալ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա 11,559.2 հազ. դրամ ավելացված արժեքի հարկը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 16-ի «Նույնականացման քարտ կարդացող սարքերը բաշխելու մասին» N 31-Ն որոշման 1-12-րդ կետերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: