Կառավարության որոշումներ

2 Մայիսի 2013, 453 - Ա

«ԲԵԿՈՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 706-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «ԲԵԿՈՐ» փակ բաժնետիրական ընկերությանը մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել արդյունաբերական նշանակություն ունեցող հետևյալ պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները`
1) ամոնիտ N 6 ԺՎ փոշի - 50 000 կգ
2) էմուլսիոն բաղադրանյութ ԱՍ- 25Պ - 200 000 կգ
3) ոչ էլեկտրական պայթեցման համակարգ Իսկրա-Ս - 65 000 հատ
4) ոչ էլեկտրական պայթեցման համակարգ Իսկրա–Պ - 66 500 հատ
5) ոչ էլեկտրական պայթեցման համակարգ Իսկրա-Շ - 150 000 հատ
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել «ԲԵԿՈՐ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներմուծվող արդյունաբերական նշանակություն ունեցող պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծված արդյունաբերական նշանակություն ունեցող պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները երրորդ կողմին փոխանցելու դեպքում «ԲԵԿՈՐ» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` տրամադրելով համապատասխան տեղեկություններ ստացող կողմի, փոխանցվող ապրանքատեսակի և քանակի մասին:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 706-Ն որոշմամբ սահմանված կարգով և ժամկետում ապահովել «ԲԵԿՈՐ» փակ բաժնետիրական ընկերությանն արդյունաբերական նշանակության պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ներմուծման և վերջնական օգտագործողի հավաստագրերի տրամադրումը: