18 Ապրիլի 2013, 441 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պետական կառավարման մարմինների և պետության հիմնարկների (այսուհետ` պատվիրատու) կողմից ձեռք բերվող որոշ ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերը և առավելագույն գները` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) պատվիրատուների կողմից ձեռք բերվող ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերը չպետք է տարբերվեն սույն որոշման 1-ին կետով հաստատված ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերի պարամետրերից, իսկ գները չպետք է գերազանցեն սույն որոշման 1-ին կետով հաստատված ապրանքատեսակների առավելագույն գները.
2) գնումների պլաններով նախատեսված գնման առարկաների տեխնիկական բնութագրերը սույն որոշման 1-ին կետով հաստատված ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերի պարամետրերից տարբերվելու և (կամ) նախահաշվային գները սույն որոշման 1-ին կետով սահմանված առավելագույն գները գերազանցելու դեպքում այդ տեխնիկական բնութագրերն ու նախահաշվային գները համապատասխանեցվում են սույն որոշման 1-ին կետով հաստատված ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերի պարամետրերին: Գնումների պլանի փոփոխություն կարող է չկատարվել, եթե ձեռք է բերվում սույն որոշման 1-ին կետով հաստատված` տվյալ ապրանքախմբի նվազագույն գին ունեցող ապրանքատեսակը, սակայն գնումների պլանում տվյալ գնման առարկայի անվանումը նշված է ավելի ընդհանրական, քան հաստատված է սույն որոշման հավելվածով: Ընդ որում, տվյալ դեպքում սույն որոշման 1-ին կետով հաստատված` տվյալ ապրանքախմբի նվազագույն գին ունեցող ապրանքատեսակի փոխարինումը տվյալ խմբի այլ ապրանքատեսակով կարող է իրականացվել «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության դրական եզրակացության առկայության դեպքում.
3) արգելվում է սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական բնութագրերի պարամետրերից տարբերվող տեխնիկական բնութագրերով և (կամ) առավելագույն գները գերազանցող գներով ապրանքատեսակների ձեռքբերումը` առանց Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվության.
4) սույն որոշման հավելվածում չընդգրկված ապրանքախմբերում ներառված ապրանքատեսակների ձեռքբերման գործընթացների վրա սույն որոշման պահանջները չեն տարածվում:
3. Պատվիրատուների ղեկավարներին`
1) տասնօրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված` համապատասխանեցման արդյունքում ձևավորված խնայողությունների մասին տեղեկատվությունն ամփոփ և ըստ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով համապատասխան պատվիրատուի գծով նախատեսված առանձին ծախսային ծրագրերի և Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացումներ կատարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների` խնայողության գումարները ներկայացնելով վերծանված բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներով և եռամսյակներով.
2) հայտարարված գնման ընթացակարգերի հրավերներում կատարել փոփոխություններ` դրանցում ներառված գնման առարկաների տեխնիկական բնութագրերը համապատասխանեցնելով սույն որոշման 1-ին կետով հաստատված գնման առարկաների տեխնիկական բնութագրերին (օրենքով սահմանված դեպքերում և կարգով):
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված վերանայված գնումների պլաններն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել դրանց մուտքագրումն էլեկտրոնային համակարգ.
2) ամփոփել սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված տեղեկատվությունը և ըստ անհրաժեշտության Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն խնայողությունների տնօրինման վերաբերյալ:
5. Կնքված այն պայմանագրերը, որոնց գնման գործընթացներն սկսվել են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը և որոնց մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն չի ներկայացվել «Գնումներ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետներում, և այդ պայմանագրերի շրջանակներում գնվելիք գնման առարկաների չափորոշիչները չեն համապատասխանում սույն որոշման հավելվածով նախատեսված չափորոշիչներին` այդ պայմանագրերի մասով ֆինանսավորում կարող է իրականացվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: