Կառավարության որոշումներ

25 Ապրիլի 2013, 446 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՄԱՍԻՆ» 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 31-րդ կետի 3-րդ ենթակետով և ի կատարումն «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին» 2012 թվականի հոկտեմբերի 3-ի արձանագրության (այսուհետ՝ արձանագրություն) դրույթների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝
1) ռուսական կողմի հետ համաձայնեցնել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի և ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման ու գործառման համար հողամասերի հանձնման ու օգտագործման կարգի մասին» 1996 թվականի սեպտեմբերի 27-ի համաձայնագրի (այսուհետ՝ համաձայնագիր) 4-րդ հոդվածի չորրորդ պարբերությամբ նախատեսված հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) նիստը 2013 թվականի ընթացքում Երևանում անցկացնելու ժամկետները.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն հանձնաժողովի նիստի անցկացման հարցում:
2. Հանձնաժողովի հայկական մասի նախագահին՝ հանձնաժողովի նիստի ընթացքում իրականացնել արձանագրության հավելվածով սահմանված ցանկի 9-րդ, 17-23-րդ, 29-րդ և 30-րդ կետերով նախատեսված ռազմական ավանների (այսուհետ՝ ռազմական ավաններ), ինչպես նաև 3-րդ կետով նախատեսված N 3 ռազմական ավանի (քաղ. Գյումրի, Կարսի խճուղի) տարածքում գտնվող 7,2 հեկտար հողատարածքի և 6-րդ կետով նախատեսված N 8 ռազմական ավանի (քաղ. Գյումրի, Շիրակացու փող.) տարածքում գտնվող 5 կիսակառույց շինությունների` Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետությանը հանձնում-ընդունումը:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝
1) Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հետ համատեղ նախապատրաստել հողատարածքների և անշարժ գույքի հանձնման-ընդունման համար անհրաժեշտ փաստաթղթերը.
2) հանձնաժողովի աշխատանքներում ընդգրկել համապատասխան մասնագետների.
3) հանձնաժողովի նիստի կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ N 3 ռազմական ավանի (քաղ. Գյումրի, Կարսի խճուղի) և N 8 ռազմական ավանի (քաղ. Գյումրի, Շիրակացու փող.) հասցեներով գտնվող անշարժ գույքի նկատմամբ սահմանված կարգով կատարել իրավունքների պետական գրանցում` <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածների պահանջներին համապատասխան` իրավահաստատող փաստաթղթեր ներկայացնելուց հետո:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ համաձայնագրի 4-րդ հոդվածին համապատասխան ընդունել սույն որոշման 2-րդ կետով նախատեսված անշարժ գույքը:
6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` առաջարկել համապատասխան համայնքների ղեկավարներին անշարժ գույքն ի տնօրինություն ընդունած պետական կառավարման մարմնի կողմից համապատասխան հայտի դեպքում սահմանված կարգով փոխել հողամասերի նպատակային նշանակությունը, քանի որ Հայաստանի Հանրապետությանը փոխանցվող անշարժ գույքը գտնվում է հատուկ նշանակության հողամասերի վրա: