25 Ապրիլի 2013, 439 - Ն
ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՀՈՒՄՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 228-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ընդերքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը, 81-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման համար հատուկ թույլտվության տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի:
2. Ստեղծել ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման համար հատուկ թույլտվության տրամադրման հարցերով միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` միջգերատեսչական հանձնաժողով) և հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի`
1) աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի.
2) կազմը` համաձայն N 3 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը:
4. Սահմանել, որ ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման համար հատուկ թույլտվությունները տրամադրվում են յուրաքանչյուր դեպքի համար` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի ներկայացմամբ:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 22-ի «Ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման, շահագործման և ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նպատակով ընդերքօգտագործման հատուկ թույլտվության տրամադրման կարգերը հաստատելու մասին» N 228-Ն որոշումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: