27 Դեկտեմբերի 2012, 1692 - Ն
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱԶԱՅԻՆ ՓԱԹԵԹԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԵՂԵՐԻ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ԳՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԲԱԶԱՅԻՆ ՓԱԹԵԹԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրի 27-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691 -Ն որոշման մեջ ներառված առողջության ապահովագրության ծառայության շրջանակներում բազային փաթեթի մեջ մտնող ծառայությունների գնային քաղաքականության կանոնակարգման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել սոցիալական փաթեթի առողջության ապահովագրության ծառայության բազային փաթեթի մեջ մտնող հիմնական բժշկական ծառայությունների և դեղերի կողմնորոշիչ գները կարգավորող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել սոցիալական փաթեթի առողջության ապահովագրության ծառայության բազային փաթեթի մեջ մտնող հիմնական բժշկական ծառայությունների և դեղերի կողմնորոշիչ գները կարգավորող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սահմանել ապահովագրական ընկերությունների և բժշկական հաստատությունների միջև կնքվող սոցիալական փաթեթի առողջության ապահովագրության ծառայության բազային փաթեթի շրջանակներում բժշկական ծառայությունների մատուցման մասին պայմանագրի (այսուհետ` պայմանագիր) օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
4. Սոցիալական փաթեթի առողջության ապահովագրության ծառայության բազային փաթեթի մեջ մտնող հիմնական բժշկական ծառայությունների և դեղերի կողմնորոշիչ գները կարգավորող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին`
1) մինչև 2013 թվականի փետրվարի 15-ը գումարել հանձնաժողովի նիստ և հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն և N 1923-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1691 -Ն որոշման մեջ ներառված առողջության ապահովագրության ծառայության շրջանակներում բազային փաթեթի մեջ մտնող հիմնական բժշկական ծառայությունների կողմնորոշիչ գները.
2) ապահովել հանձնաժողովի որոշումների հրապարակումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում:
5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և առաջարկել «Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիա» իրավաբանական անձանց միության ղեկավարին մեկամսյա ժամկետում`
1) կազմակերպել Հայաստանի Հանրապետությունում գործող ապահովագրական ընկերությունների և լիցենզավորված բուժհաստատությունների միջև պայմանագրերի կնքումը.
2) տրամադրել սույն կետի 1-ին ենթակետում նշված տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: