16 Հունվարի 2013, 35 - Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
<<Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 4-րդ, 14-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գարգառի գյուղական համայնքի Կենտրոնական 4 հասցեում գտնվող` Ստեփանավանի կարի ԱՄ-ի արտադրական տեղամասի անավարտ շինարարության օբյեկտը (579.5 քառ. մետր ընդհանուր մակերեսով) (այսուհետ` գույք) մասնավորեցնել մրցույթով:
2. Սահմանել`
1) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2012 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ գնահատված արժեքը` 2 651 հազ. դրամ.
2) մրցույթով մասնավորեցման ենթակա գույքի նվազագույն գինը` 3 167 հազ. դրամ.
3) որ մրցույթի հաղթողին է մասնավորեցվում նաև գույքին հատկացված 9 450 քառ. մետր մակերեսով հողամասը` իր կադաստրային արժեքով,
4) մրցույթի հաղթողին (այսուհետ` գնորդ) որոշելու հետևյալ պայմանները`
ա. գույքի համար առաջարկվող գինը,
բ. ներդրումների չափը` տարիների կտրվածքով,
գ. սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) մրցույթը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
3) գնորդի կողմից առաջարկված գնի, գույքին հատկացված հողամասի կադաստրային արժեքի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 153 540 դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
4. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է մրցույթով մասնավորեցման ենթակա գույքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Գնորդի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
5. Գնորդը գույքի վաճառքի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստորագրվելու օրվանից եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարել մեկամսյա ժամկետում` <<Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր>> գանձապետական հաշվին: