27 Դեկտեմբերի 2012, 1684 - Ա
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. <<Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկի տնօրինության` Երևան քաղաքի Նազարբեկյան 48 անավարտ բնակելի շենքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել սույն որոշման հավելվածում նշված բնակարաններն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով՝ պայմանով, որ սույն որոշման հավելվածում նշված քաղաքացիները պարտավորվում են իրենց միջոցների հաշվին մասնակցություն ցուցաբերել Երևան քաղաքի Նազարբեկյան 48 շենքի ընդհանուր օգտագործման տարածքների ամրացման և բարեկարգման աշխատանքներին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել բնակարանների նվիրաբերության պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ`
1) քաղաքացիները նվիրաբերված բնակարանները կարող են վաճառել կամ գրավ դնել սեփականության իրավունքի պետական գրանցման պահից 10 տարի հետո.
2) պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման քաղաքացիների միջոցների հաշվին:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է բնակարանների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին: