Կառավարության որոշումներ

13 Դեկտեմբերի 2012, 1545 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՍՊԱՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ- 295-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ապահովել 2012 թվականի դեկտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան 94 բժիշկ-մասնագետ սպաների զորակոչը Հայաստանի Հանրապետության զինված ուժեր:
2. Սահմանել, որ`
1) զորակոչի ենթակա` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի առանձին կատեգորիաների սպաներն oգտվում են տարկետման իրավունքից` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 11-րդ հոդվածի 4-րդ կետի, 14-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի և 16-րդ հոդվածի 2-րդ կետի կիրարկումն ապահովելու մասին» N 15 որոշման.
2) ասպիրանտուրան ավարտած կամ գիտական աստիճան (գիտության թեկնածու, գիտության դոկտոր) ունեցող պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաները զինվորական ծառայության են զորակոչվում ըստ իրենց մասնագիտացումների: Գիտական աստիճան ունեցող պահեստազորի սպաները նշանակվում են զինվորական ծառայության Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հոսպիտալային համակարգի համապատասխան պաշտոններում:
3. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: