29 Նոյեմբերի 2012, 1515 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերի գյուղական բնակավայրերում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում մեկ սենյակի շահառու ճանաչված ընտանիքների բնակարանային պայմաններն ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով բարելավելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել՝
1) 1,146,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով), որից`
ա. 900,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին՝ 300 շահառուի համար,
բ. 171,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին՝ 57 շահառուի համար,
գ. 72,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին՝ 24 շահառուի համար,
դ. 3,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին՝ 1 շահառուի համար.
2) 1,146.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, այդ թվում՝
ա. 764.0 հազ. դրամ՝ սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն ֆինանսական աջակցություն ստանալու մասին կնքվող պայմանագրերի նոտարական վավերացումների համար գանձվող պետական տուրքի գծով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով),
բ. 382.0 հազ. դրամ՝ սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերության համաձայն պայմանագրերի կնքման նպատակով նոտարի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու համար (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):
3. Սահմանել`
1) աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի (այսուհետ` ծրագիր) շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցող ընտանիքների փաթեթները համալրելու համար նրանց կողմից՝ ընտանիքի անդամներին վերաբերող անհրաժեշտ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն ներկայացնելու վերջնաժամկետ`
ա. ծրագրի շրջանակներում կառուցվող բնակարաններից (բնակելի տներից) բնակարան (բնակելի տուն) ստանալուն հավակնող ընտանիքների համար` 2012 թվականի դեկտեմբերի 25-ը,
բ. սույն որոշման 2-րդ կետում նշված ծրագրի շրջանակներում ֆինանսական աջակցություն ստանալուն հավակնող անձանց համար` 2012 թվականի դեկտեմբերի 10-ը.
2) սույն որոշման 2-րդ կետում նշված անձանց տրամադրվող ֆինանսական աջակցության չափը` 3,000.0 հազ. դրամ:
4. Սահմանել, որ`
1) սույն որոշման 2-րդ կետում նշված` ֆինանսական աջակցություն ստանալու համար շահառու ճանաչված անձանց ֆինանսական աջակցությունը տրամադրվում է համապատասխան մարզպետարանների միջոցով` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամաններով հաստատված` մեկ սենյակի շահառու ճանաչված ընտանիքների ցուցակների համաձայն` մարզպետի և աջակցություն ստացող քաղաքացու միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ֆինանսական աջակցություն ստանալու մասին կնքված համապատասխան պայմանագրի (որում որպես պարտադիր պայման նախատեսելով, որ ծրագրի շրջանակներում բնակելի տուն (բնակարան) կամ ֆինանսական աջակցություն ստացած անձանց նկատմամբ աղետի գոտու բնակավայրերում բնակարանային պայմանների բարելավման մասով պետական աջակցության ցուցաբերման պարտավորությունները համարվում են դադարեցված` դրանց կատարմամբ) հիման վրա: Հատկացվող գումարները փոխանցվում են ֆինանսական աջակցություն ստացող քաղաքացու անվամբ բանկում նախօրոք բացված ցպահանջ ավանդային հաշվին.
2) ֆինանսական աջակցությունը տրամադրվում է աջակցություն ստացող ընտանիքների անդամների կողմից տրված` հետագայում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ բնակարանային պահանջ չներկայացնելու մասին նոտարական կարգով վավերացված հայտարարության առկայության պայմաններում.
3) սույն որոշման 2-րդ կետով հատկացվող գումարների ֆինանսավորումն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը 2009 թվականին տրամադրված պետական վարկի միջոցների հաշվին` կայունացման դեպոզիտային հաշվից:
5. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշման 2-րդ կետում նշված` ֆինանսական աջակցություն ստանալուն հավակնող անձանց մեկ սենյակի շահառու ճանաչելու գործընթացն ավարտել 2012 թվականի դեկտեմբերի 14-ին:
6. Հայաստանի Հանրապետության Լոռու, Շիրակի, Արագածոտնի և Տավուշի մարզպետներին` սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված անձանց հետ ֆինանսական աջակցության տրամադրման մասին համապատասխան պայմանագրերի կնքման և դրանց հիման վրա աջակցություն ստացող քաղաքացու անվամբ բանկում նախօրոք բացված ցպահանջ ավանդային հաշվին աջակցության գումարների փոխանցման գործընթացներն ավարտել 2012 թվականի դեկտեմբերի 21-ին:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: