15 Նոյեմբերի 2012, 1505 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 1290-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգը սահմանելու մասին» N 1290-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) 3-րդ կետը «ձևի» բառից հետո լրացնել «, եթե դիմումատուն հարցաթերթիկում չի լրացրել իր էլեկտրոնային փոստի հասցեն և (կամ) բջջային հեռախոսահամարը» բառերով.
2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Երդման արարողությունն իրականացվում է յուրաքանչյուր աշխատանքային օր` ծանուցման մեջ նշված ժամին: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի քաղվածքին քաղաքացիություն ստացող անձը ծանոթանում է վարչությունում, իսկ օտարերկրյա պետություններում՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում` երդման արարողության ընթացքում:».
3) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.
«Հաղթանակի և խաղաղության, Հանրապետության, Սահմանադրության կամ Անկախության կապակցությամբ նշվող տոն օրերին երդման արարողությունն իրականացվում է հատուկ հանդիսավոր պայմաններում, որին մասնակցելու համար կարող են հրավիրվել Հայաստանի Հանրապետության պետական մարմնի ղեկավարներ, հասարակական միավորումների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ: Հատուկ հանդիսավոր պայմաններում իրականացվող երդման արարողությունը լուսաբանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով:».
4) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Անձը երդում է տալիս վարչության պետի (տեղակալի), իսկ օտարերկրյա պետությունում՝ դեսպանի, գլխավոր հյուպատոսի կամ նրանց կողմից լիազորված դիվանագետի կողմից երդման տեքստը բարձրաձայն ընթերցելուց հետո` «երդվում եմ» բառը բարձրաձայն արտասանելով, որից հետո ստորագրում է երդման տեքստը:».
5) 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
6) որոշման հավելվածի ձևով նախատեսված գրավոր ծանուցման տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հարգելի _________________________________________________
(ծանուցվողի անունը, ազգանունը)
Տեղեկացնում ենք, որ երդման արարողությանը մասնակցելու համար յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը _____ __ կարող եք ներկայանալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ օտարերկրյա պետություններում՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական հիմնարկներ:
___________________________________________________________հասցեով,
_______սենյակ, ________________________________________________ի մոտ:
(պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը)
____ _____________ 20 թ. »:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: