15 Նոյեմբերի 2012, 1447 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1424-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի «Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն ստեղծելու ծրագրին հավանություն տալու, «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 19-ի N 310-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1424-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12.1, 12.2, 12.3 և 12.4-րդ կետերով՝
12.1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում միասնական ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի (այսուհետ` կենտրոն) ստեղծման նորացված ծրագրային մոտեցմանը` սահմանելով, որ կենտրոնն իրականացնելու է ռադիոիզոտոպների արտադրություն, ռադիոիզոտոպային, ռադիոլոգիական և լաբորատոր ախտորոշման, ռադիոիզոտոպային ու ճառագայթային, ուռուցքաբանական ներհիվանդանոցային ու արտահիվանդանոցային վիրաբուժական և քիմիաթերապևտիկ բուժման ծառայություններ:
12.2. Կենտրոնը տեղակայվում է Երևան քաղաքի Հալաբյան 38/7 (Ալիխանյան եղբայրների 2) հասցեում գտնվող ռադիոիզոտոպների արտադրության մասնաշենքին կից տարածքում:
12.3. Կենտրոնն ստեղծվում է պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափով՝ ներգրավելով մասնավոր հատվածի այնպիսի փորձառությամբ ներդրողների, որոնք կարող են մատուցել կենտրոնի կառուցման, շահագործման, կառավարման և արևմտյան չափանիշներին համապատասխան բժշկական ծառայություններ:
12.4. Հայաստանի Հանրապետության առողջապահության և էկոնոմիկայի նախարարներին` Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հետ համատեղ`
1) մշակել և մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել կենտրոնի ստեղծման նորացված ծրագրի նախագիծը` սահմանելով, որ կենտրոնն իրականացնելու է ռադիոիզոտոպների արտադրություն, ռադիոիզոտոպային, ռադիոլոգիական և լաբորատոր ախտորոշման, ռադիոիզոտոպային ու ճառագայթային, ներհիվանդանոցային և արտահիվանդանոցային վիրաբուժական ու քիմիաթերապևտիկ բուժման ծառայություններ.
2) մշակել և մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել կենտրոնի ստեղծման պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափը, գործիքակազմը, ինչպես նաև մասնավոր հատվածի ներդրողներին ներկայացվող համապատասխանության չափանիշները.
3) մշակել և պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում Համաշխարհային բանկի հետ բանակցել նորացված ծրագրի ներդրման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու շուրջ::
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: