Կառավարության որոշումներ

6 Հոկտեմբերի 2005, 1585 - Ն

2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի հոկտեմբերի 8-ի «2005 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-177-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի աշնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում աշնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ` համաձայն N 2 հավելվածի: Մարզային զորակոչային հանձնաժողովների գործունեության նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահին:

3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

ա) 2005 թվականի աշնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով` հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում,

բ) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերաբերող նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության դատախազության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քրեական գործեր հարուցել զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ և իրավասու պետական մարմինների միջոցով հայտարարել նրանց հետախուզումը,

բ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում հետախուզումն ու Հայաստան վերադարձն իրականացնել 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում կնքված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» համաձայնագրով նախատեսված կարգով:

6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`

ա) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին,

բ) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:

7. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`

ա) 2005 թվականի աշնանային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով,

բ) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև` հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

ա) անհրաժեշտության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հայտերի, տեղական զորակոչային հանձնաժողովի կազմերը համալրել հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների համապատասխան բժիշկ-մասնագետներով,

բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով հանձնարարել համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութեր և ֆլյուորո (ռենտգեն) ժապավեններ:

9. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

ա) ապահովել զորակոչիկների անվտանգ փոխադրումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում,

բ) ապահովել զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում ու Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր,

գ) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել պետավտոտեսչության 2 անձնակազմ:

10. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:

11. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին` բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով կատարվող ծախսերի:

12. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին` զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով աշնանային զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում, և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:

13. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:

14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: