8 Նոյեմբերի 2012, 1419 - Ն
«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետը և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն (այսուհետ` կառավարման լիազոր մարմին):
3. Ստեղծել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմին` խորհուրդ (այսուհետ` խորհուրդ): Խորհրդի կազմում ներառվում են կառավարման լիազոր մարմնի ներկայացուցիչներ և պետական ֆինանսների կառավարման լիազոր պետական մարմնի մեկ ներկայացուցիչ:
4. Սահմանել, որ`
1) «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` գրասենյակ) գործունեության առարկան և նպատակներն են`
ա. Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման կազմակերպումը,
բ. Հայաստանի Հանրապետությունում շահագործվող հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման կազմակերպումը, այդ թվում` տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց ընտրության նպատակով մրցույթի կազմակերպումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող պահանջներին համապատասխանող հսկիչ-դրամարկղային մեքենաների և դրանց ծրագրային ապահովման հավաստագրումն իրականացվում է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից.
3) Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկում իրականացնելու համար իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև նրանց տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատողները պետք է համապատասխանեն խորհրդի կողմից սահմանված որակավորման չափանիշներին:
5. Թույլատրել գրասենյակին, որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակ, իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխանող հսկիչ-դրամարկղային մեքենաների ներմուծում և հարկ վճարողներին իրացում կամ տրամադրում:
6. Գրասենյակին սեփականության իրավունքով հանձնել համապատասխան գույք` բացառությամբ պետական սեփականություն հանդիսացող հողերի, շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքի:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տնօրինության գույքի կազմից առանձնացնել նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի հաշվեկշռային արժողությամբ համապատասխան գույքը և անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել գրասենյակին` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:
8. Գրասենյակի կառավարման` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե», «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին:
9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին`
1) մեկամսյա ժամկետում հաստատել գրասենյակին սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող գույքի կազմն ու արժեքը.
2) հաստատել գրասենյակի կանոնադրությունը.
3) ապահովել գրասենյակի պետական գրանցումը:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։