25 Հոկտեմբերի 2012, 1358 - Ն
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման շրջանակներում նույնականացման քարտերի միջոցով էլեկտրոնային ստորագրությունների տրամադրման հետ կապված ծախսերը փոխհատուցելու և բիզնես համայնքին աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հարկ վճարողների կողմից մինչև 2012 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ նույնականացման քարտի միջոցով էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու հետ կապված սպասարկման ծախսերն ամբողջությամբ փոխհատուցել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 9-ի N 115-Ն որոշման 1-ին կետով նշված միջոցների հաշվին՝ սուբսիդիա տրամադրելով «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված սուբսիդավորումն ընկերությանը հատկացնել սուբսիդիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա՝ նախատեսելով, որ`
1) սուբսիդիան ընկերությանը հատկացվելու է սկսած 2012 թվականի չորրորդ եռամսյակից ամսական պարբերականությամբ՝ փաստացի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում նույնականացման քարտերով գրանցված հարկ վճարողների թվին համապատասխան.
2) տրամադրվող սուբսիդիայի չափը ծառայության մեկ միավորի դիմաց կազմում է 3 000 դրամ:
3. Սահմանել, որ`
1) նույնականացման քարտի միջոցով էլեկտրոնային թվային ստորագրությունը սուբսիդավորման միջոցով կարող են ձեռք բերել այն քաղաքացիները, ովքեր մինչև 2012 թվականի նոյեմբերի 30-ը դիմել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի համակարգում գրանցվելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ամսական կտրվածքով ընկերությանն է տրամադրում անձնավորված հաշվարկի համար դիմած քաղաքացիների ցուցակը:
Ընկերությունը նշված ցուցակի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ է ներկայացնում սուբսիդավորման հայտը.
2) նույնականացման քարտի միջոցով էլեկտրոնային թվային ստորագրությունը սուբսիդավորման միջոցով չեն կարող ձեռք բերել այն քաղաքացիները, ովքեր արդեն ունեն էլեկտրոնային ստորագրություն:
3) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված քաղաքացիները նույնականացման քարտի սպասարկման ծառայության սուբսիդավորման հնարավորությունից կարող են օգտվել սկսած 2012 թվականի սեպտեմբերի 30-ից.
4) էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման, էլեկտրոնային գրքերի վարման և ինտերնետային հարկային հաշիվների դուրսգրման համար հարկ վճարողին օգտվողի մուտքի անունը և գաղտնաբառը (Login&Password) տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն.
5) անձը, օգտվողի մուտքի անուն և գաղտնաբառ ստանալու համար, հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմին (այն հարկային տեսչություն, որտեղ հաշվառված է հարկ վճարողը կամ այդ հարկային տեսչության համապատասխան տարածքային բաժին) է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
ա. հարկ վճարողի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիր կամ հրաման հարկ վճարողի կողմից էլեկտրոնային ծածկագիրը և գաղտնաբառն օգտագործելու և դրանք հարկային մարմնից ստանալու իրավասու անձ լինելու վերաբերյալ` բացառությամբ իրավաբանական անձի գործադիր մարմնի և անհատ ձեռնարկատիրոջ,
բ. նույնականացման քարտ.
6) սույն կետի 5-րդ ենթակետում նշված փաստաթղթերը ներկայացնելու պահին հարկային մարմինը լրացնում և անձի հետ կնքում է հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման պայմանագիր՝ նրան տրամադրելով օգտվողի մուտքի անունն ու գաղտնաբառը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ամսական պարբերականությամբ` հաշվետու ամսվա ավարտից հետո 5-օրյա ժամկետում ընկերությանը տրամադրել նախորդ հաշվետու ամսվա արդյունքներով հարկային մարմիններում նույնականացման քարտերի միջոցով գրանցված քաղաքացիների ցուցակը` նշելով քաղաքացու անունը, ազգանունը, նույնականացման քարտի համարը և հանրային ծառայությունների համարանիշը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել նույնականացման քարտի տրամադրման հետ միասին PIN և PUK ծածկագրերի տրամադրումը:
6. «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, այն քաղաքացիներին, ովքեր ունեն էլեկտրոնային ստորագրություն, տեղափոխումն էլեկտրոնային ստորագրությունների նոր համակարգ կատարել անվճար:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: