25 Հոկտեմբերի 2012, 1347 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1758-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1758-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետի ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան ու նպատակն են՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով՝
Հայաստանի Հանրապետության տարածքում ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների և օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասերի պետական հաշվառման իրականացումը, ինչպես նաև ընդերքօգտագործման փաստաթղթերի և օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվությունների ընդունումը և տնօրինումը.
երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման համար տրամադրված ընդերքի տեղամասերի հաշվառման մատյանի, օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի և հանքավայրերի ու օգտակար հանածոների երևակումների պետական կադաստրի վարումը, ինչպես նաև երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքում ստացած տեղեկությունների ընդունումը և պահպանումը.
երկրաբանական տեղեկության միասնական համակարգի ստեղծումը, վարումը և տնօրինումը, պահպանությունը և Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով երկրաբանական տեղեկության տրամադրումը.
միասնական կոորդինատային համակարգով տրամադրված ընդերքի տեղամասերի ծայրակետային կոորդինատների համադրումը ֆոնդային նյութերի հետ, ֆոնդային նյութերում փոփոխությունների կատարումը և համապատասխան առաջարկությունների ներկայացումը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն.
օգտակար հանածոների պաշարների, հանքավայրերի, երևակումների և երկրաբանական ուսումնասիրությունների պետական հաշվառման տվյալների հիման վրա ընդերքօգտագործման ֆոնդի ստեղծումը և վարումը.».
2) որոշման 2-րդ կետի բ» ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«երկրաբանական ֆոնդում առկա ընդերքի մասին տեղեկության տրամադրման հետ կապված հետևյալ ծառայությունների մատուցում՝
ա) փաստաթղթերի պատճենահանում և տրամադրում,
բ) համակարգչային սկանավորում,
գ) համակարգչային տպում,
դ) հանքավայրի (տեղամասի), հանքերևակման վերաբերյալ տրամադրվող տեղեկատվության ամփոփում:
Մատուցվող ծառայությունների համար գանձվող վճարների առավելագույն չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: