Կառավարության որոշումներ

27 Սեպտեմբերի 2012, 1272 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի N 108-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի <<Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>> N 711-Ն որոշման N 9 հավելվածի 3.1-ին կետով նախատեսված միջոցները որպես անհատույց պետական աջակցություն հատկացնել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Խաչիկի գյուղական համայնքի չորրորդ կարգի վթարային շենքերում բնակվող ընտանիքներին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին`
1) սույն որոշման 1-ին կետում նշված ընտանիքներին անհատույց պետական աջակցությունը հատկացնել միայն նոր կառուցվող շենքերի տարածքների համար համապատասխան մարմնի կողմից իրականացված երկրաբանական ուսումնասիրության արդյունքում, տարածքի անվտանգության վերաբերյալ դրական եզրակացության առկայության դեպքում.
2) աջակցություն ստանալու հավակնող անձանց աջակցության տրամադրման մասին համապատասխան պայմանագրերի կնքման գործընթացն ավարտել մեկշաբաթյա ժամկետում:
3. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետում նշված ընտանիքներին անհատույց պետական աջակցությունը տրամադրվում է անհատույց պետական ֆինանսական աջակցության միջոցով բնակարան կառուցելու կամ համայնքի տարածքում բնակարան ձեռք բերելու պայմանով` ելնելով աջակցության տրամադրման պահին նախորդ եռամսյակի դրությամբ տարածաշրջանի բնակելի տան շուկայական միջինացված արժեքից, բայց հինգ միլիոն դրամից ոչ ավելի.
2) աջակցության միջոցով բնակելի տան (բնակարանի) շինարարական աշխատանքների ավարտման ժամկետը սահմանվում է մինչև 2012 թվականի դեկտեմբերի 20-ը.
3) սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից բնակեցումից ազատված բնակելի տները ենթակա են քանդման` սեփականատերերի միջոցներով և ուժերով` աջակցության միջոցով բնակելի տան շինարարական աշխատանքների ավարտման փաստագրումից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում.
4) աջակցության տրամադրման պայմանների կատարման և տրամադրվող գումարի նպատակային օգտագործման նկատմամբ կողմերի պարտավորություններն ու իրավունքները, ինչպես նաև սույն որոշման այլ պայմաններ, սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` աջակցություն ստանալու մասին կնքված պայմանագրով: Ընդ որում, աջակցության տրամադրման մասին պայմանագրի անբաժանելի մաս է համարվում շինարարական աշխատանքների ծավալաթերթը.
5) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված երկրաբանական ուսումնասիրությունն իրականացվում է յուրաքանչյուր ընտանիքին հատկացված միջոցների հաշվին:

Հավելված