21 Հունվարի 2004, 130 - Ն
ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ, ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱ- ՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-ի N 149 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 73-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի N 2141-Ն որոշման 34-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
ա) խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոնները` համաձայն N 1 հավելվածի.
բ) խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման օրինակելի պայմանագրի ձևը` բնակիչ-բաժանորդների համար` համաձայն N 2 հավելվածի.
գ) խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման օրինակելի պայմանագրի ձևը ` կազմակերպությունների համար` համաձայն N 3 հավելվածի.
դ) ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացման տեխնիկական պայմանների սահմանման կարգը` համաձայն N 4 հավելվածի:
2. Ջրաչափական սարքերի տեղադրման ժամկետ սահմանել՝
ա) բազմաբնակարան շենքերի ջրամատակարարման ներքին ցանցերի մուտքագծերում՝ մինչև 2004 թվականի դեկտեմբերի 31-ը.
բ) անհատական բնակելի տների ջրամատակարարման ներքին ցանցերի մուտքագծերում` մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը:
3. Սահմանել, որ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունները կարող են տեխնիկական հնարավորությունների դեպքում դադարեցնել սահմանված ժամկետներում վճարումներ չկատարած բաժանորդների (բացառությամբ բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչ-բաժանորդների) խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցումը` մինչև վերջիններիս կողմից վճարման ապահովումը:
4. Սահմանել, որ`
ա) խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների ծավալը, սույն որոշման 2-րդ կետով սահմանված ջրաչափական սարքերի տեղադրման ժամկետները լրանալուց հետո, բոլոր բաժանորդների համար հաշվարկվում են ջրաչափական սարքերի ցուցմունքներով կամ սույն կետի «դ» և «ե» ենթակետերով սահմանված կարգով: Մինչև նշված ժամկետները լրանալը և բազմաբնակարան շենքի մուտքագծում ընդհանուր ջրաչափական սարքի տեղադրումը, կենտրոնացված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերից օգտվելու դեպքում մեկ անձի համար օրական հաշվարկվում է 200 լիտր (Երևան քաղաքում՝ 250 լիտր), ընդհանուր օգտագործման ծորակներից օգտվելու դեպքում` 50 լիտր ջրաքանակով, իսկ հասույթի հաշվարկման համար հիմք են հանդիսանում համապատասխան համայնքների ղեկավարների կամ նրանց կողմից լիազորված այլ իրավասու մարմինների կողմից տրված տեղեկանքները բնակարաններում փաստացի բնակվող անձանց թվի մասին.
բ) ջրաչափական սարքերը, բացառությամբ բազմաբնակարան շենքերի ներքին ցանցերի մուտքագծերի ջրաչափական սարքերի (որոնք ձեռք են բերվում և սահմանված կարգով տեղադրվում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից), ձեռք են բերվում և սահմանված կարգով տեղադրվում բաժանորդների միջոցների հաշվին, իսկ բյուջետային հիմնարկները նշված աշխատանքներն իրականացնում են այդ հիմնարկների պահպանման ծախսերի համար նախահաշիվներով սահմանված միջոցների հաշվին.
գ) ջրաչափական սարքերի տեղադրման աշխատանքները պայմանագրային հիմունքներով կարող են իրականացվել նաև խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից` ծախսերը հետագայում փոխհատուցելու պայմանով:
Ջրաչափական սարքն իր ներքին ցանցերի վրա կարող է տեղադրել նաև բաժանորդը (բազմաբնակարան շենքի կառավարման մարմինը)` պահպանելով խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից տրված տեխնիկական պայմանների բոլոր պահանջները.
դ) խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց վճարների հաշվարկները կատարվում են ջրաչափական սարքի ցուցմունքի և հաստատված սակագների հիման վրա: Ջրաչափական սարքեր չտեղադրած կազմակերպությունների, ինչպես նաև սույն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետը լրանալուց հետո ջրաչափական սարքեր չտեղադրած անհատական բնակելի տների բնակիչ-բաժանորդների (բացառությամբ այն դեպքերի, երբ ջրաչափական սարքը պետք է տրամադրվեր և (կամ) տեղադրվեր խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից) խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց վճարները հաշվարկվում ու գանձվում են ներանցման խողովակի թողունակության ջրաքանակով (ջրի շարժման 1,5 մ/վրկ արագությամբ և ջրամատակարարման փաստացի տևողությամբ).
ե) բազմաբնակարան շենքի ջրամատակարարման ներքին ցանցի մուտքագծի վրա տեղադրված ջրաչափական սարքի առկայության դեպքում բազմաբնակարան շենքերի ջրաչափական սարքեր չունեցող բնակիչ-բաժանորդներից յուրաքանչյուրի օգտագործած ջրաքանակը հաշվարկվում է ընդհանուր ջրաչափական սարքի ցուցմունքից հանելով ջրաչափական սարքեր տեղադրած բնակարանների գումարային ծախսը և տարբերությունը բաժանելով ջրաչափական սարքեր չտեղադրած բնակարաններում փաստացի բնակվող բնակիչների ընդհանուր թվի վրա:
Ընդհանուր օգտագործման ծորակներով ջրամատակարարումից օգտվող բնակիչներից յուրաքանչյուրի համար օգտագործված ջրաքանակը հաշվարկվում է ընդհանուր ծորակի վրա տեղադրված ջրաչափի ծախսը բաժանելով խմելու ջրից օգտվող բնակիչների թվի վրա:
5. Սահմանել, որ այն բնակավայրերում (բացի Երևան քաղաքից), որտեղ չկան մակերևութային անհրաժեշտ ջրային աղբյուրներ, բայց կան խմելու որակի ջրերի բավարար պաշարներ, տեխնիկական հնարավորությունների, ֆինանսատնտեսական նպատակահար-մարության, համապատասխան ջրօգտագործման թույլտվության առկայության և ոռոգման համակարգերի բացակայության դեպքում խմելու ջուրը կարող է պայմանագրային հիմունքներով օգտագործվել ոռոգման նպատակով: Նշված դեպքերում տնամերձ հողամասերը (այգիները) և այլ հողամասեր խմելու ջրով ոռոգելու դեպքում լրացուցիչ հաշվարկվում է հողամասի (այգու) ոռոգման վճար` տվյալ տարածքում գործող ոռոգման ջրի սակագնով (հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում գործող ոռոգման ժամանակավոր նորմաները` ըստ ոռոգման ռեժիմի, հողամասի չափի և մշակվող մշակաբույսի տեսակի):
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` իրականացնել հսկողություն (վերահսկողություն) ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի արդյունավետ օգտագործման նկատմամբ:
7. Սահմանել, որ`
ա) տեխնիկական հնարավորությունների բացակայության դեպքում նոր բաժանորդներին ցանցին միանալու կամ տրվող ջրաքանակն ավելացնելու համար գործող ջրատարների վերակառուցումը և հզորությունների ավելացումն իրականացվում է բաժանորդների միջոցների հաշվին` խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից տրված տեխնիկական պայմաններին համապատասխան, որոնք, բաժանորդների համաձայնությամբ, կարող են անհատույց օգտագործման հանձնվել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպություններին, եթե կառուցված ջրագծերն սպասարկում են նաև այլ բաժանորդների.
բ) խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերի հիման վրա խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ կարող են մատուցել մասնավոր կառավարիչները (օպերատորները)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
գ) բազմաբնակարան շենքերում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պայմանագրային հիմունքներով կարող են մատուցվել նաև համատիրությունների, բազմաբնակարան շենքի կառավարման այլ մարմինների կամ այլ իրավաբանական անձանց միջոցով:
8. Սահմանել, որ աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների բնակարանների ջրամատակարարման ներքին ցանցերում ջրաչափական սարքերը պայմանագրային հիմունքներով կարող են տեղադրվել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից` 5-ամյա ժամկետում ջրաչափական սարքի արժեքի փոխհատուցման պայմանով:
9. Սահմանել, որ նախկինում կնքված պայմանագրերը ենթակա չեն վերակնքման, եթե չեն հակասում սույն որոշման 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերով հաստատված պայմանագրերի օրինակելի ձևերին։
10. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման բնագավառի գործունեության բարելավման միջոցառումների մասին» N 149 որոշումը:
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հուլիսի 1-ից:
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
հունվարի 22-ի N 130 - Ն որոշման
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոններով (այսուհետ` կանոններ) սահմանվում են խմելու ջրի մատակարարման ու ջրահեռացման, մատակարարվող ջրի և հեռացվող կեղտաջրերի հաշվառման ու դրանց դիմաց վճարման, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման համակարգերին միացման տեխնիկական պայմանների սահմանման կարգերը և կանոններով կարգավորվող հարաբերությունների մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները:
2. Կանոններում օգտագործվող հասկացություններն են`
խմելու ջուր` Հայաստանի Հանրապետության պետական ստանդարտների պահանջներին համապատասխանող խմելու որակի ջուր.
ջրահեռացում` կոմունալ, կենցաղային և արտադրական կեղտաջրերի ընդունում, հեռացում և մաքրում.
ջրամատակարար՝ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման համակարգերի օգտագործման իրավունք ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը բաժանորդներին (ջրօգտագործողներին) պայմանագրային հիմունքներով մատուցում է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ.
բաժանորդ՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն իրավական ակտերով սահմանված կարգով ու տեխնիկական պայմաններին համապատասխան ջրամատակարարի հետ կնքել է ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր).
ենթաբաժանորդ՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը բաժանորդի գրավոր համաձայնությամբ ջրամատակարարի հետ կնքված պայմանագրի համաձայն բաժանորդի ներքին ցանցի միջոցով օգտվում է ջրամատակարարի մատուցած ծառայություններից.
ջրամատակարարման և ջրահեռացման համակարգեր՝ ջրաղբյուրների, ջրատարների, ջրհան կայանների, կեղտաջրերի ընդունման, հեռացման և մաքրման հիդրոտեխնիկական կառուցվածքների համալիր, որը նախատեսված է բաժանորդների` խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման համար.
տեխնիկական պայմաններ` ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միանալու, սպառված խմելու ջուրը հաշվառելու, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի անվտանգ ու հուսալի շահագործումն ապահովելու նպատակով ջրամատակարարի կողմից առաջադրվող պայմաններ.
ներքին ցանց` բաժանորդի կամ բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգեր.
ստուգիչ հոր (դիտակետ)՝ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի տեխնիկական սպասարկմանն ու շահագործմանն օժանդակող հիդրոտեխնիկական կառուցվածք, որը կարող է հանդիսանալ նաև ջրամատակարարի և բաժանորդների ջրամատակարարման (ջրահեռացման) համակարգերի սահմանազատման կետ.
սահմանազատման կետ` ջրամատակարարի ու բաժանորդի սեփականությունը հանդիսացող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի պատկանելության բաժանման կետ.
ապօրինի միացում` առանց ջրամատակարարի կողմից համապատասխան տեխնիկական պայմանների տրամադրման ջրամատակարարման և (կամ) ջրահեռացման համակարգերին ինքնակամ միացում, ինչպես նաև առանց ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման պայմանագրի` ջրօգտագործում։
3. Կանոններով կարգավորվում են ջրամատակարարի և բաժանորդների, ինչպես նաև բաժանորդների ու ենթաբաժանորդների միջև փոխհարաբերությունները:
4. Ջրամատակարարման համակարգը կենսաապահովման կարևորագույն օբյեկտ է և օգտագործվում է խմելու, առողջապահական, կոմունալ, կենցաղային ու տնտեսական կարիքների համար բաժանորդներին խմելու ջրի ստանդարտներին համապատասխանող ջուր մատակարարելու նպատակով:
5. Խմելու ջուրը, բացի կանոնների 4-րդ կետում նշված նպատակներից, կարող է օգտագործվել նաև ոռոգման և հրդեհի մարման նպատակներով, ինչպես նաև անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժոր) ազդեցության հետևանքով առաջացած իրավիճակներում՝ կանոններով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. Ջրահեռացման համակարգն օգտագործվում է կոմունալ, կենցաղային, արտադրական և այլ կեղտաջրերի ընդունման, հեռացման ու մաքրման համար:
Արտադրական կեղտաջրերի ընդունումը բնակավայրերի ջրահեռացման համակարգ կատարվում է միայն պայմանագրով սահմանված աղտոտվածության չափաքանակների պահպանման դեպքում:
7. Ջրամատակարարումն ու ջրահեռացումը վճարովի ծառայություններ են, որոնք ջրամատակարարի կողմից մատուցվում են սահմանված կարգով բաժանորդ հանդիսացող անձանց, եթե կանոններով և (կամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:
8. Ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման որակի ու վճարների հավաքագրման աշխատանքների բարելավման նպատակով ջրամատակարարն իր լիազորությունների մի մասը կարող է պայմանագրային հիմունքներով փոխանցել համատիրություններին, բազմաբնակարան շենքերի կառավարման այլ մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին կամ այլ իրավաբանական անձանց:
Բաժանորդին վերաբերող` կանոններով նախատեսված բոլոր դրույթները հավասարապես տարածվում են նաև ենթաբաժանորդի վրա, եթե վերջինիս վերաբերյալ ջրամատակարարի հետ կնքված պայմանագրով կամ այլ իրավական ակտերով այլ դրույթներ սահմանված չեն:
9. Վթարների դեպքում ջրամատակարարը, բաժանորդի համաձայնությամբ, նրա ներքին ցանցերում կարող է իրականացնել միայն անհետաձգելի աշխատանքներ, որոնց հետ կապված ծախսերը բաժանորդը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատուցել ջրամատակարարին` աշխատանքներն ավարտվելուց հետո անմիջապես կամ ջրամատակարարի համաձայնությամբ` 2 ամսվա ընթացքում:
Բացառիկ դեպքերում, երբ վթարն առաջ է բերում մեծ քանակությամբ ջրի կորուստ, իսկ բաժանորդի կողմից կանխարգելման միջոցներ չեն ձեռնարկվում, կամ էլ վթարն սպառնում է բազմաբնակարան շենքի, այդ շենքի այլ բնակարանների կամ այլ բնակելի տների ամրությանն ու կայունությանը, ջրամատակարարը վթարը վերացնելու նպատակով, առանց բաժանորդի համաձայնության, կարող է օրենքով սահմանված կարգով մուտք գործել նրա բնակարան և կատարել անհետաձգելի աշխատանքներ:
II. ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
10. Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միանալու կամ կատարված միացումների փոփոխության տեխնիկական պայմանները սահմանվում են ջրամատակարարի կողմից` կանոններով ու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացման տեխնիկական պայմաններով սահմանված կարգով:
11. Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին նոր բաժանորդների միացման, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին նոր միացումների կատարման, կատարված միացումների փոփոխության, օգտագործվող խմելու ջրի ու հեռացվող կեղտաջրերի քանակների փոփոխության, կեղտաջրում պարունակվող սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի ավելացման, ջրաչափական հանգույցի կամ ջրաչափական սարքի փոփոխման դեպքերում բաժանորդը պարտավոր է ստանալ ջրամատակարարի համաձայնությունն ու պահպանել ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացման տեխնիկական պայմանները:
Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին` կանոններով սահմանված պայմանների խախտմամբ կատարված միացումները համարվում են ինքնակամ (ապօրինի) և ջրամատակարարի կողմից օրենքով սահմանված կարգով ենթակա են անհապաղ անջատման` ինքնակամ միացումներ կատարած անձանց հաշվին, բացառությամբ այն դեպքերի, երբ ինքնակամ (ապօրինի) միացում կատարած անձը կանոնների ընդունումից հետո երկամսյա ժամկետում միացումն օրինականացնելու խնդրանքով դիմել է ջրամատակարարին:
Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացման տեխնիկական պայմանները դիմողին տրվում են նրա կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելուց հետո 15 օրվա ընթացքում:
Եթե տեխնիկական պայմաններով սահմանված աշխատանքների իրականացումն առնչվում է այլ անձանց օրինական շահերին, ապա բաժանորդի կողմից այդ աշխատանքների իրականացումը ենթակա է բոլոր շահագրգիռ կողմերի հետ նախօրոք համաձայնեցման:
Ջրամատակարարը բաժանորդի հետ կանոններով նախատեսված կարգով կնքում է պայմանագիր:
Ջրամատակարարի փոփոխման դեպքում, եթե նա չի հանդիսանում նախկին ջրամատակարարի իրավահաջորդը, նոր ջրամատակարարի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է կնքվեն նոր պայմանագրեր: Նոր պայմանագրերը պետք է բացառեն ջրամատակարարման և ջրահեռացման սպասարկման ծառայության պայմանների ցանկացած վատթարացում:
12. Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացումները կամ կատարված միացումների փոփոխությունները կարող են կատարվել ինչպես բաժանորդի սեփական ուժերով, այնպես էլ ջրամատակարարի կամ այլ անձանց կողմից՝ պահպանելով միացման տեխնիկական պայմանները:
Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացումները կամ կատարված միացումների փոփոխություններն իրականացվում են բաժանորդի հաշվին:
13. Բաժանորդի կողմից ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին` սահմանված տեխնիկական պայմանների խախտումներով կատարված միացումների հայտնաբերման դեպքում բաժանորդի ջրամատակարարումը ենթակա է դադարեցման` մինչև հայտնաբերված խախտումների վերացումը:
14. Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին նոր միացումներ կատարող բաժանորդն օգտագործված (սպառված) ջրի ծավալը հաշվառելու համար պետք է տեղադրի անհրաժեշտ տրամագծի և ճնշման խմելու ջրի ջրաչափական սարք (սարքեր) (այսուհետ` ջրաչափ), իսկ ջրաչափի չտեղադրման դեպքում բաժանորդի օգտագործած (սպառած) ջրի ծավալը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
15. Տեղադրված ջրաչափը պետք է համապատասխանի դրա տեղադրման տեխնիկական պայմաններին և պետական ստանդարտների պահանջներին, պետք է լինի ստուգաչափված ու կապարակնքված` ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման լիազորված մարմնի կողմից:
Ջրաչափը ձեռք է բերվում և տեղադրվում բաժանորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
16. Ջրամատակարարը, համայնքի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված այլ իրավասու մարմնի գիտությամբ, բազմաբնակարան շենքի ներքին ցանցերի մուտքագծերում իր միջոցների հաշվին տեղադրում է ընդհանուր ջրաչափ:
17. Բազմաբնակարան շենքերի ներքին ցանցերի մուտքագծերի վրա սահմանված կարգով տեղադրված ընդհանուր ջրաչափին, ինչպես նաև մինչև ընդհանուր ջրաչափին հասնող ջրագծերի շահագործումն ու սպասարկումն իրականացվում են ջրամատակարարի կողմից, որը հանդիսանում է ջրաչափերի սեփականատերը:
18. Ջրաչափի աշխատանքի ճշտության վերաբերյալ բաժանորդի կամ ջրամատակարարի մոտ կասկած առաջանալու դեպքում, ջրամատակարարի կամ բաժանորդի նախաձեռնությամբ, սահմանված կարգով անցկացվում է ջրաչափի ստուգաչափում (N 1 ձև) բաժանորդի դիմումի ստացման կամ ջրամատակարարի կողմից բաժանորդին ստուգաչափման մասին պաշտոնապես ծանուցման օրվանից 10-օրյա ժամկետում:
Ջրաչափի ստուգաչափման հետ կապված ծախսերը կատարվում են ջրամատակարարի միջոցների հաշվին:
Այն դեպքում, երբ ջրաչափի ստուգաչափման աշխատանքների նախաձեռնող կողմ հանդես է եկել բաժանորդը, և ստուգաչափման արդյունքում պարզվել է, որ ջրաչափը բավարարում է պետական ստանդարտների պահանջները, ապա բաժանորդը պարտավոր է փոխհատուցել ջրաչափի ստուգաչափման հետ կապված` ջրամատակարարի կատարած ծախսերը` ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման լիազորված մարմնի պաշտոնական եզրակացությունն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում:
Ջրաչափի ստուգաչափման արդյունքում ջրաչափի աշխատանքի սխալի հայտնաբերման դեպքում ջրամատակարարը պարտավոր է ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման լիազորված մարմնի պաշտոնական եզրակացությունն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում կատարել բաժանորդին մատակարարված խմելու ջրի և հեռացված կեղտաջրերի ծավալների վերահաշվարկ (ճշգրտում), իսկ ջրաչափի անսարքության դեպքում` կանոնների 24-րդ և 25-րդ կետերով սահմանված կարգով:
19. Ընդհանուր օգտագործման համար ծառայող բակային (թաղամասային) ծորակներից (որտեղ բացակայում է կենտրոնացված ջրամատակարարման համակարգը) օգտվելու համար բնակիչ-բաժանորդներից ընտրվում է լիազոր ներկայացուցիչ, որը՝
ա) ջրամատակարարի հետ կնքում է ընդհանուր օգտագործման ծորակի տեղադրման, շահագործման, ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման պայմանագիր.
բ) կատարում է մատակարարված ջրի ծավալի հաշվարկները և դրա բաշխումն ըստ առանձին բնակիչ-բաժանորդների.
գ) ապահովում է տվյալ ամսվա ընթացքում բնակիչ-բաժանորդների կողմից օգտագործված (սպառված) ջրի դիմաց վճարներն ու կանոնների 29-րդ և 35-րդ կետերով սահմանված կարգով փոխանցում ջրամատակարարի բանկային հաշվին, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ.
դ) իրականացնում է բնակիչ-բաժանորդների կողմից իրեն լիազորված այլ գործառույթներ:
20. Քաղաքային կամ գյուղական համայնքի տարածքում ցայտաղբյուրները տեղադրվում են ջրամատակարարի թույլտվությամբ, որոնք շահագործվում և պահպանվում են համապատասխան համայնքի կողմից` ջրամատակարարի հետ կնքված պայմանագրին համապատասխան:
21. Ժամանակավոր կացարանների ջրամատակարարման հաշվառումն իրականացվում է յուրաքանչյուր կացարանի ներքին ցանցի մուտքագծում տեղադրված ջրաչափով (ջրաչափերով), եթե ժամանակավոր կացարանների բաժանորդների հետ կնքված պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
22. Ջրամատակարարը յուրաքանչյուր բաժանորդի համար, առանց որևէ վճար պահանջելու, բացում և վարում է բաժանորդի ջրօգտագործման հաշվառման քարտ (NN 2 և 2.1 ձևեր):
III. ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ
ԴՐԱՆՑ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒ
ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
23. Բաժանորդին մատակարարված խմելու ջրի ծավալը հաշվարկվում է տեղադրված ջրաչափի ցուցմունքով, որի գրանցումները կատարվում են յուրաքանչյուր ամսվա 1-ին՝ ջրամատակարարի կողմից, իսկ ջրաչափի բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափաքանակներով:
Ջրաչափի ցուցմունքի գրանցում կատարող ջրամատակարարի ներկայացուցիչը պարտավոր է բաժանորդին ներկայացնել իր ծառայողական վկայականը:
24. Ոչ բաժանորդի մեղքով՝ բաժանորդի ջրաչափի անսարքության դեպքում օգտագործված (սպառված) ջրի քանակը որոշվում է նախորդ 3 հաշվարկային ամսվա ընթացքում ծախսված ջրի միջին ծավալի չափով: Հաշվարկի այդպիսի կարգը պահպանվում է ընդհուպ մինչև վերանորոգված կամ նոր ջրաչափի տեղադրումը և կապարակնքումը, բայց 15 օրվանից ոչ ավելի ժամկետով: Նշված ժամկետում բաժանորդի մեղքով ջրաչափ չտեղադրվելու դեպքում, սկսած 16-րդ օրվանից, մատակարարված ջրի ծավալը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափաքանակներին համապատասխան՝ մինչև վերանորոգված կամ նոր ջրաչափի տեղադրումը:
Սույն կետով բաժանորդի անսարք ջրաչափը նորով փոխարինվում է ջրամատակարարի կողմից` անվճար` բաժանորդի կողմից ջրաչափի գնման և անսարքության հայտնաբերման օրվանից 6-ամսյա ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ բաժանորդը ջրաչափը ձեռք չի բերել ջրամատակարարից, իսկ բաժանորդը պարտավոր է կանոնների 15-րդ կետի համաձայն տեղադրել ջրաչափը:
25. Բաժանորդի կողմից օգտագործված ջրի ծավալի նվազեցման նպատակով ջրաչափի բնականոն աշխատանքի խախտման, ջրաչափի կողանցմամբ ջրընդունման, ջրաչափի կապարակնիքների վնասման (պոկման, կեղծման) և այլ միտումնավոր խախտումների հայտնաբերման դեպքերում ջրամատակարարը խախտման հայտնաբերման պահին բաժանորդի կամ նրա ներկայացուցչի հետ համատեղ արձանագրում է խախտումը և կազմում կանոնների խախտման ակտ (N 3 ձև), և բաժանորդը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով: Կանոնների խախտման ակտը հատուկ հաշվառման փաստաթուղթ է և հիմք է ծառայում բաժանորդի կողմից օգտագործված ջրի ծավալի վերահաշվարկման (ճշգրտման) համար:
Վերահաշվարկը կատարվում է (հաշվի առնելով ջրամատակարարման փաստացի տևողությունը) ջրի խողովակի կտրվածքի թողունակությամբ և ջրի շարժման 1.5 մ/վրկ արագությամբ` 6-ամսյա ժամկետով, իսկ նշված ժամկետի ընթացքում ձևավորված լինելու դեպքում վերահաշվարկը կատարվում է տվյալ ժամկետի համար:
26. Բաժանորդի, բացառությամբ բնակիչ-բաժանորդների, ցանցից ջրահեռացման համակարգ հեռացվող և մաքրվող կեղտաջրերի ծավալն ընդունվում է օգտագործված (սպառված) ջրաքանակին հավասար, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Եթե հեռացվող և մաքրվող կեղտաջրերի ծավալը հավասար չէ օգտագործված (սպառված) ջրաքանակին, ապա բաժանորդը ջրամատակարարին պետք է ներկայացնի հեռացվող կեղտաջրերի ծավալը հիմնավորող հաշվարկներ:
27. Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին կատարված ինքնակամ (ապօրինի) միացումների հայտնաբերման դեպքում օգտագործված ջրի և հեռացված կեղտաջրերի ծավալները որոշվում են կանոնների 25-րդ և 26-րդ կետերով սահմանված կարգով՝ բայց ոչ ավելի, քան 6 ամիս ժամկետով:
28. Մատակարարված խմելու ջրի և հեռացված կեղտաջրերի ծավալներն ու դրանց դիմաց վճարման ենթակա գումարները հաշվարկվում են տեխնիկական պայմանների համաձայն տեղադրված ջրաչափերի միջոցով և գործող սակագներով:
Կանոնների 42-րդ կետի «ժգ» ենթակետի համաձայն ջրաչափի ժամանակավոր բացակայության դեպքում օգտագործված ջրի քանակը որոշվում է նախորդ 3 հաշվարկային ամսվա ընթացքում ծախսված ջրի միջին ծավալի չափով: Հաշվարկի այդպիսի կարգը պահպանվում է ընդհուպ մինչև նոր ջրաչափի տեղադրումն ու կապարակնքումը, բայց ոչ ավելի, քան 15 օր:
Նշված ժամկետում ջրամատակարարի մեղքով ջրաչափի չկապարակնքման դեպքում հաշվարկի այդպիսի կարգը պահպանվում է ընդհուպ մինչև ջրաչափի կապարակնքումը, իսկ բաժանորդի կողմից այդ ժամանակահատվածում օգտագործված ջրի ծավալի արժեքը չի հաշվարկվում:
Նշված ժամկետում բաժանորդի մեղքով ջրաչափի չտեղադրման դեպքում մատակարարված ջրի ծավալը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափաքանակներին համապատասխան:
29. Բնակիչ-բաժանորդները տվյալ ամսվա ընթացքում մատակարարված խմելու ջրի և հեռացված կեղտաջրերի դիմաց վճարման ենթակա գումարը փոխանցում են ջրամատակարարի բանկային հաշվին` մինչև հաջորդ ամսվա 15-ը, իսկ մնացած բաժանորդները` վճարման փաստաթուղթն ստանալուց հետո 7-օրյա ժամկետում (NN 4 և 4.1 ձևեր), եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Ջրամատակարարը և բաժանորդը, բացառությամբ բնակիչ-բաժանորդների, մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը կնքում են մատակարարված խմելու ջրի և հեռացված կեղտաջրերի դիմաց փոխադարձ հաշվարկների ակտ (N 5 ձև):
Սահմանված ժամկետում վճարումը չկատարվելու դեպքում, բացառությամբ բնակիչ-բաժանորդների, բաժանորդի կողմից ջրամատակարարին պայմանագրով սահմանված կարգով վճարվում է տուժանք:
30. Ջրաչափ չունեցող յուրաքանչյուր բաժանորդի համար օգտագործված ջրի և հեռացված կեղտաջրերի ծավալները հաշվարկվում են կանոնների 23-րդ և 26-րդ կետերով սահմանված կարգով:
31. Ենթաբաժանորդին տրված ջրի և նրանից հեռացվող կեղտաջրերի հաշվարկը կատարվում է ջրամատակարարի կողմից` ենթաբաժանորդի ծախսի չափով պակասեցնելով բաժանորդի ծախսը:
32. Ընդհանուր օգտագործման ծորակներով ջրամատակարարվող բնակավայրի բնակիչներից յուրաքանչյուրի համար օգտագործված ջրի ծավալը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
33. Հրդեհները մարելու համար, ինչպես նաև տակտիկական պարապմունքների, հրշեջ հիդրանտների և ներքին հակահրդեհային ծորակների փորձարկման ժամանակ խմելու ջուրը կարող է օգտագործվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
34. Կանոնների 5-րդ կետի համաձայն բաժանորդի կողմից խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործվելու դեպքում մատակարարված ջրի դիմաց վճարները հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
35. Բաժանորդին ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունները մատուցվում են պայմանագրի հիման վրա, իսկ պայմանագրի կնքման օրվա դրությամբ առկա պարտքերը մարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և (կամ) պայմանագրի անբաժանելի մասը կազմող պարտքերի մարման ժամանակացույցին համապատասխան:
IV. ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՈՒ
ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
36. Պայմանագիրը կանոններով սահմանված կարգով կնքելուց հրաժարվելու կամ կանոնների 29-րդ և 35-րդ կետերով սահմանված ժամկետներում մատուցված ծառայությունների դիմաց վճարները բաժանորդի կողմից չվճարվելու և անհատական անջատումների կատարման տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում բաժանորդի (բացառությամբ բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչ-բաժանորդների) ջրամատակարարումը դադարեցվում է, իսկ վճարները գանձվում են դատական կարգով:
Անհատական անջատումների կատարման տեխնիկական հնարավորությունների բացակայության դեպքում մատակարարված ջրի դիմաց վճարները հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափաքանակներին կամ, ջրաչափի առկայության դեպքում` ջրաչափի ցուցմունքին համապատասխան, իսկ օգտագործված (սպառված) ջրի և հեռացված կեղտաջրերի դիմաց վճարները գանձվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
37. Պետական կառավարչական հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների համար սահմանված ջրամատակարարման տարեկան սահմանաքանակները լրանալու դեպքում նշված բաժանորդների ջրամատակարարումը ենթակա է դադարեցման` մինչև ֆինանսավորման համապատասխան երաշխիքների տրամադրումը:
38. Բաժանորդների ջրամատակարարումը և ջրահեռացումը կարող են դադարեցվել, եթե բաժանորդի ներքին ցանցի անբավարար վիճակն սպառնում է առաջացնել վթարներ կամ սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կյանքի և (կամ) առողջության համար՝ մինչև բաժանորդի կողմից թերությունների վերացումը:
39. Անկախ պատճառից` բնակավայրում կամ դրա առանձին շրջաններում ջրամատակարարման լրիվ դադարեցման դեպքում ջրամատակարարը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող ընդհանուր միջոցառումների շրջանակներում լուծում է բնակիչ-բաժանորդների ժամանակավոր ջրամատակարարման կազմակերպման հարցերը:
40. Ջրամատակարարի կողմից ջրամատակարարման վերականգնումն իրականացվում է բաժանորդի կողմից կանոնների 35, 36, 37 և 38-րդ կետերի պահանջների ապահովման դեպքում:
41. Եթե ջրամատակարարման սահմանափակումը և (կամ) դադարեցումը կապված են օրենքով սահմանված կարգով անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժոր) դեպքերի, ինչպես նաև ջրաղբյուրներում ու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերում վթարների կանխման կամ դրանց վերացման անհետաձգելի տեխնիկական միջոցառումների իրականացման հետ, ապա ջրամատակարարումը դադարեցվում է առանց նախազգուշացման: Ջրամատակարարը ջրամատակարարման սահմանափակումների պատճառների մասին բաժանորդներին տեղեկացնում է մեկօրյա ժամկետում՝ զանգվածային լրատվության միջոցներով: Նշված դեպքերում ջրամատակարարը և համապատասխան իրավասու պետական մարմինները պարտավոր են ապահովել խմելու ջրի մատակարարումը երկաթյա (էմալապատ) տարողություններով, բնակչությանը տեսանելի և հարմար վայրերում:
V. ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԵՎ ԲԱԺԱՆՈՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
42. Բաժանորդը պարտավոր է՝
ա) ապահովել իր սեփականությունը հանդիսացող ներքին ցանցերի, կառուցվածքների և ջրաչափերի կապարակնիքների անխախտելիության պահպանությունը.
բ) կատարել ջրամատակարարի նկատմամբ կանոններով և պայմանագրով սահմանված պարտավորությունները.
գ) չդադարեցնել ենթաբաժանորդների ջրամատակարարումը, իսկ դադարեցնելու դեպքում` առնվազն 3 ամիս առաջ դրա մասին սահմանված կարգով գրավոր նախազգուշացնել ենթաբաժանորդին, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ.
դ) վճարումները կատարել կանոնների 29-րդ և 35-րդ կետերով սահմանված ժամկետներում.
ե) ջուրն օգտագործել խնայողաբար և թույլ չտալ պայմանագրով սահմանված չափաքանակների գերածախս (բացառությամբ բնակիչ-բաժանորդների).
զ) միջոցներ ձեռնարկել ջրի կորուստները կանխելու և վերացնելու համար.
է) ներքին ցանցերի, կառուցվածքների և սարքերի տեխնիկական շահագործումն իրականացնել պատշաճ հոգատարությամբ ու զգուշությամբ.
ը) չխոչընդոտել ջրամատակարարի ներկայացուցչի մուտքն իր տարածք` ծառայողական վկայականը ներկայացնելու դեպքում, տեղադրված ջրաչափի ցուցմունքների գրառման և ներքին ցանցերի, կառուցվածքների ու սարքերի տեխնիկական շահագործման վիճակը համատեղ ուսումնասիրելու համար, իսկ ջրամատակարարի մոտ բաժանորդի օգտագործած խմելու ջրի ծավալների նկատմամբ կասկած առաջանալու դեպքում` դա ճշգրտելու համար.
թ) պահպանել (բացառությամբ բնակիչ-բաժանորդների) պայմանագրով նախատեսված ջրապահանջարկի չափն ու հեռացվող կեղտաջրերի բաղադրությունը.
ժ) խմելու ջրի չմատակարարման և կեղտաջրերի չհեռացման կամ դրանց ոչ պատշաճ մակարդակով կատարման, ջրաչափի անսարքության, կապարակնիքների խախտման, ինչպես նաև ջրի որակի նկատմամբ կասկածներ առաջանալու դեպքում անհապաղ տեղեկացնել ջրամատակարարին.
ժա) ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ներքին ցանցերին ու կառուցվածքների միացումն իրականացնել կանոնների 11, 12, 13, 14 և 15-րդ կետերով սահմանված կարգով.
ժբ) ժամանակավորապես մեկ ամսից ավելի բացակայելու դեպքում` 5 օր առաջ դրա մասին գրավոր տեղեկացնել (ծանուցել) ջրամատակարարին` ապահովելով իր սպառման կետերից ջրի հոսքի դադարեցումը` պահպանելով այլ անձանց անվտանգ և անխափան ջրամատակարարման ու ջրահեռացման հնարավորությունը, եթե ջրաչափ տեղադրված չէ.
ժգ) կանոնների 44-րդ կետի «ժգ» ենթակետի համաձայն ջրամատակարարից ստացած գրության (ծանուցման) հիման վրա 10-օրյա ժամկետում իր միջոցների հաշվին կատարել ջրաչափի ապամոնտաժումը, ջրամատակարարի ներկայացուցչի մասնակցությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրա հանձնումը վերջինիս, իսկ ջրաչափի ստուգաչափման համար անհրաժեշտ գումարները վճարել ջրամատակարարի հաշվարկային հաշվին և կանոնների 15-րդ կետի համաձայն տեղադրել ջրամատակարարի կողմից ապամոնտաժված ջրաչափի փոխարեն տրված անվճար ջրաչափը.
ժդ) ջրաչափի տեղադրումից հետո գրավոր տեղեկացնել ջրամատակարարին` սահմանված կարգով ջրաչափն ընդունելու և կապարակնքելու համար.
ժե) բացառությամբ բնակիչ-բաժանորդների` ունենալ պաշարապահ ռեզերվուար, եթե արտադրական կամ աշխատանքային առանձնահատուկ պայմանները պահանջում են անընդմեջ ջրամատակարարում:
43. Բաժանորդն իրավունք ունի՝
ա) ջրամատակարարից պահանջելու պետական ստանդարտների պահանջներին համապատասխանող խմելու ջրի մատակարարում՝ կանոններով և պայմանագրով սահմանված կարգով.
բ) միակողմանի լուծելու պայմանագիրը` դրա մասին ջրամատակարարին տեղեկացնելով առնվազն 10 օր առաջ՝ ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց ամբողջությամբ վճարելու պայմանով.
գ) ջրամատակարարի կողմից կանոնների 44-րդ կետի «ժէ» ենթակետով սահմանված կարգով վճարման փաստաթղթի չներկայացման դեպքում չվճարելու նախորդ ամսվա ընթացքում օգտագործած (սպառած) խմելու ջրի և հեռացված կեղտաջրերի ծառայությունների դիմաց վճարները` մինչև ջրամատակարարի կողմից նոր վճարման փաստաթուղթ տրամադրելը:
44. Ջրամատակարարը պարտավոր է՝
ա) բաժանորդի դիմումն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում ապահովել ջրաչափի ստուգում՝ կանոնների 18-րդ կետի համաձայն.
բ) ջրամատակարարումը կամ ջրահեռացումը սահմանափակելու կամ դադարեցնելու մասին ոչ ուշ, քան մեկ օր առաջ նախազգուշացնել բաժանորդին, իսկ վթարների կամ արտակարգ իրավիճակների դեպքում զանգվածային լրատվության միջոցներով հնարավորինս սեղմ ժամկետում բաժանորդին (բաժանորդներին) տեղեկացնել դրա մասին.
գ) բնակավայրում կամ դրա առանձին շրջաններում ջրամատակարարման դադարեցման դեպքում, անկախ պատճառից, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող ընդհանուր միջոցառումների շրջանակներում լուծել բաժանորդների ժամանակավոր ջրամատակարարման կազմակերպման հարցերը.
դ) ոչ շուրջօրյա ջրամատակարարման դեպքում բաժանորդներին ապահովել պայմանագրերով նախատեսված ջրաքանակով, անհրաժեշտ ճնշման և խմելու որակի ջրով.
ե) կատարել բաժանորդի կեղտաջրերի հեռացումն ու մաքրումը` պայմանագրով նախատեսված քանակին ու որակին (բաղադրությանը) համապատասխան.
զ) իրականացնել հսկողություն ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի, կառուցվածքների և սարքերի տեխնիկական վիճակի ու շահագործման նկատմամբ.
է) հայտնաբերել և կանխել ջրի հոսակորուստները, հաշվառել ու հսկել իր կողմից մատակարարվող և բաժանորդի կողմից օգտագործվող (սպառվող) ջրաքանակները.
ը) ապահովել իր կողմից շահագործվող ջրամատակարարման համակարգում տեղադրված հրշեջ հիդրանտների սարքին վիճակը և իրականացնել հսկողություն դրանց` ըստ նշանակության օգտագործման նկատմամբ.
թ) ջրամատակարարման և ջրահեռացման սակագների փոփոխման դեպքում առնվազն մեկ ամիս առաջ ապահովել զանգվածային լրատվության միջոցներով բաժանորդներին դրա մասին տեղեկացումը.
ժ) բաժանորդի պահանջի դեպքում 5-օրյա ժամկետում ներկայացնել խմելու ջրի որակը հավաստող փաստաթուղթ.
ժա) բաժանորդի կողմից ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին կատարված ապօրինի միացումների հայտնաբերման դեպքում կազմել կանոնների խախտման մասին ակտ և տեխնիկական հնարավորության դեպքում անհապաղ դադարեցնել խմելու ջրի մատակարարումն ու ջրահեռացումը` մինչև պարտքի և խախտման մասին ակտով հաշվարկված գում