27 Սեպտեմբերի 2012, 1237 - Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿՈՆԴ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ՝ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄՆ ՕՐԵՆՔԻ ՈՒԺՈՎ ՎԵՐԱՆԱԼՈՒՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասին և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 2-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 168-Ն որոշման հավելվածի 6-րդ կետում նշված տարածքներում սեփականության օտարման գործընթաց սկսելու` նույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված վերջնական ժամկետը (01.01.2012 թ.) լրանալու փաստով չիրացված սեփականության մասով բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին իրավական փաստաթղթերը «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի համաձայն անվավեր համարվելու կապակցությամբ վերացնել չիրացված անշարժ գույքերի նկատմամբ նախկինում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու հետ կապված սահմանափակումները:
2. Ընդունել ի գիտություն, որ «Դաունթաուն Երևան» փակ բաժնետիրական ընկերությունն իրացված, սակայն չքանդված 70 միավոր անշարժ գույքերի (9428,62 քառ. մետր հող և 5334,13 քառ. մետր շինություն՝ համաձայն հավելվածի) մասով լուծելու է իրացման պայմանագրերը և անշարժ գույքերը սեփականության իրավունքով անհատույց օտարելու է նախկին սեփականատերերին՝ իր հաշվին կրելով գործարքների նոտարական վավերացման և ստացողի իրավունքների կադաստրային գրանցման ծախսերը:
3. Առաջարկել Երևանի քաղաքապետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7-օրյա ժամկետում որոշումը պատշաճ ձևով ուղարկել սույն որոշման 1-ին կետով նախատեսված` չիրացված սեփականության սեփականատերերին և չիրացված սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց.
2) լուծել «Դաունթաուն Երևան» փակ բաժնետիրական ընկերության հետ Հայաստանի Հանրապետության անունից 2009 թվականի փետրվարի 10-ին կնքված պայմանագիրը` չիրացված տարածքների մասով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: