20 Սեպտեմբերի 2012, 1190 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 947-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» N 947-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետը «կարիքավոր» բառից առաջ լրացնել «օրենքով սահմանված» բառերով.
2) որոշման 2-րդ կետից հանել «և էկոնոմիկայի» բառերը.
3) որոշման 1-ին կետով հաստատված կարգի (այսուհետ` կարգ) վերնագիրը «կարիքավոր» բառից առաջ լրացնել «օրենքով սահմանված» բառերով.
4) կարգի 1-ին կետը`
ա. «ունեցող» բառից հետո լրացնել «օրենքով սահմանված» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Սույն կարգով նախատեսված` զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների` օրենքով սահմանված ընտանիքների անդամների բնակարանային ապահովության նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու պայմանները տարածվում են նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած քաղաքացիական ծառայողների` օրենքով սահմանված ընտանիքների անդամների վրա:».
5) կարգի 3-րդ կետում`
ա. «վարձով կամ պետական բնակարանային ֆոնդի տներում» բառերը փոխարինել «վարձակալությամբ» բառով,
բ. «հաշվառված» բառից հետո կետը լրացնել «օրենքով սահմանված» բառերով.
6) ուժը կորցրած ճանաչել կարգի 5-րդ կետի երրորդ պարբերությունը.
7) կարգի 9-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աջակցությունը վճարվում է անկանխիկ` օրենքով սահմանված կարիքավոր ընտանիքի՝ չափահաս անդամների համաձայնությամբ` ընտանիքի անդամներից որևէ մեկի անվամբ բացված հաշվարկային հաշվին փոխանցում կատարելու միջոցով:».
8) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9.1-ին կետով.
«9.1. Աջակցություն ստացած կարիքավոր ընտանիքը չի կարող կրկին բնակարանային հաշվառման վերցվել` անկախ հետագայում բնակարանային պայմանները վատթարանալու կամ տրամադրված աջակցության գումարով բնակելի տարածություն ձեռք չբերելու հանգամանքից:».
9) կարգի 11-րդ կետից հանել «և էկոնոմիկայի» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: