Կառավարության որոշումներ

25 Օգոստոսի 2005, 1510 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 392-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄԱՍՏԵՐ ՊԼԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության ու «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.» ընկերության միջև 2001 թվականի դեկտեմբերի 18-ին ստորագրված պայմանագրի դրույթներն ու պահանջները, հաշվի առնելով «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված առաջարկը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի «Զվարթնոց» օդանավակայանի Կոնցեսիոների կողմից ներկայացված Մաստեր Պլանը հաստատելու մասին» N 392-Ն որոշմամբ հաստատված «Զվարթնոց» օդանավակայանի Մաստեր Պլանում փոփոխություններ կատարելու վերաբերյալ և, որ այդ փոփոխություններն ուղղված են «Զվարթնոց» օդանավակայանի ներկայիս սպասարկումների որակի բարձրացմանն ու նոր տեխնոլոգիաների ներգրավմանը, ինչպես նաև նոր ուղևորային համալիրի կառուցմանը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել «Զվարթնոց» օդանավակայանի կառավարչի (այսուհետ` կառավարիչ) կողմից ներկայացված Մաստեր Պլանի փոփոխությունները` դրա առաջին փուլով նախատեսված աշխատանքների մասով՝ համաձայն հավելվածի:

2. Մաստեր Պլանի փոփոխություններում ներկայացված երկրորդ և երրորդ փուլերով նախատեսված աշխատանքներն ընդունել ի գիտություն, իսկ դրանց հաստատմանն անդրադառնալ կառավարչի կողմից հետագա Մաստեր Պլանները Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելու ժամանակ` կառավարչի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի ուսումնասիրությունների արդյունքում:

3. Սահմանել, որ`

ա) «Զվարթնոց» օդանավակայանի վերակառուցման նախագծային փաստաթղթերի մշակման ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումը, նախագծային փաստաթղթերի մշակումը, փորձաքննությունը, համաձայնեցումը և հաստատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) կառավարիչը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն է ներկայացնում հաշվետվություն սույն որոշման 4-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված տվյալների ու տեղեկությունների համաձայն` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 15-ը։

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին՝

ա) երկամսյա ժամկետում սահմանել այն տվյալների և տեղեկությունների ցանկը, որոնք արտացոլում են կառավարչի կողմից իրականացվող ներդրումները յուրաքանչյուր տարվա համար.

բ) սույն կետի «ա» ենթակետով սահմանված տվյալներն ու տեղեկությունները կառավարչի կողմից տրամադրվելուց հետո ամփոփել և ամենամյա հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: