23 Օգոստոսի 2012, 1081 - Ն
ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԸ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանը վարելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` միջոցներ ձեռնարկել` մինչև 2013 թվականի հուլիսի 1-ը՝
1) բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպություններում (մանկատուն, ծերանոց) բնակվող անձանց հաշվառման տեղեկատվական համակարգ ներդնելու և համապատասխան տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը տրամադրելն ապահովելու համար.
2) 1992-2004 թվականներին գործատուների կատարած պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում ներառելու և այդ ժամանակահատվածում վարձու աշխատողի համար պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ կատարած լինելու մասին տեղեկատվությունն ինքնաշխատ եղանակով ճշտելն ապահովող ծրագրային ապահովում ստեղծելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: