Կառավարության որոշումներ

2 Օգոստոսի 2012, 1009 - Ն

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին ու 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. Սահմանել, որ`
1) «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդի պահպանման ու շահագործման ապահովումն է.
2) «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակներն են՝
ա. սոցիալական բնակարանային ֆոնդում ներառված շենքերում բնակվելու իրավունք ունեցող անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված բնակարանների, սոցիալհոգեբանական օգնության ծառայությունների և առաջնային բժշկական օգնության ծառայությունների տրամադրումը,
բ. սոցիալական բնակարանային ֆոնդում ներառված շենքերում բնակվելու իրավունք ունեցող անձանց և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 1-ի N 25 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետությունում անօթևան միայնակ տարեցների և բնակարանի կարիք ունեցող՝ սոցիալական այլ խմբերի պատկանող անձանց համար սոցիալական բնակարանների համալիրի ստեղծման հայեցակարգով սահմանված սատարող ընտանիքների միջև փոխգործունեության կազմակերպումն ու համակարգումը,
գ. սոցիալական բնակարանային ֆոնդում ներառված շենքերում բնակվելու իրավունք ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանությանը, նրանց սոցիալական խնդիրների լուծմանն աջակցությունը,
դ. սոցիալական բնակարանային ֆոնդում ներառված շենքերում բնակվելու իրավունք ունեցող անձանց` իրենց զբաղեցրած բնակարանների առաջնային տեխնիկական սպասարկման գործում աջակցելը.
3) «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով չեն հանձնվում նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույք, պետական սեփականություն հանդիսացող հողեր, շենքեր, շինություններ, պատմամշակութային նշանակություն ունեցող գույք.
4) «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման նպատակով ամրացվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Շիրազի փողոցի NN 25, 33 և 34 հասցեներում գտնվող շենքերը և բնակարանների կահավորման համար տրամադրված՝ հիմնական միջոց հանդիսացող գույք` ընդամենը 40,623.2 հազ. դրամ արժողությամբ.
5) «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվում է 5,030.0 հազ. դրամ արժողությամբ գույք:
3. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող և (կամ) սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմը:
5. «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի
N 1919-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
6. 2012 թվականին «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պահպանման ծախսերի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2012 թվականի ինն ամսում հատկացնել 5,694.2 հազ. դրամ և տարեկան` 11,388.4 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):
7. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Շիրազի փողոցի NN 25, 33 և 34 հասցեներում գտնվող շենքերում բնակարան ստացող մանկական խնամակալական շրջանավարտների և սոցիալապես անապահով անձանց ու սատարող ընտանիքների ցուցակները՝ համաձայն NN 3 և 4 հավելվածների:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված