9 Օգոստոսի 2012, 1010 - Ն
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1016-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել մաքսային մարմինների կողմից տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի մասին տեղեկատվությունը ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման պահանջները չեն տարածվում`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 29-ի N 251 որոշմամբ սահմանված` ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքի վճարման Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ոչ պարենային ապրանքների առանձին տեսակների բնաիրային չափերի վրա.
2) «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար», «Տարանցիկ փոխադրում», «Ներմուծում մաքսային պահեստ», «Ներմուծում ազատ մաքսային պահեստ», «Ներմուծում ազատ տնտեսական գոտի», «Ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմներով ներմուծվող, ինչպես նաև միջազգային տոնավաճառներում, ցուցահանդեսներում կամ նմանատիպ միջոցառումների շրջանակներում նմուշային քանակով ժամանակավոր ներմուծվող և մարդասիրական օգնության ու բարեգործական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ոչ պարենային ապրանքների վրա:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 21-ի «Մաքսային մարմինների կողմից համապատասխանության գնահատման ազգային մարմնին ոչ պարենային արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1016-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: