Կառավարության որոշումներ

9 Օգոստոսի 2012, 1000 - Ն

ԳԻՇԵՐԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿ ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի և հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ գիշերային ժամանակ հասարակական վայրերում հրագործական արտադրատեսակների օգտագործմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հրավառություն կարող է կազմակերպվել`
1) Ամանորի կապակցությամբ` դեկտեմբերի 31-ի ժամը 23.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 01.00-ն.
2) «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տոն օրերին` ժամը 23.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 01.00-ն` Հայաստանի Հանրապետության պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: