Կառավարության որոշումներ

2 Օգոստոսի 2012, 986 - Ն

ԳՈՒՅՔԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 589-րդ հոդվածին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետին համապատասխան և հաշվի առնելով քաղաքացիներ Սամվել Արամայիսի Հարությունյանի ու Երանուհի Չալաբյանի համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` կոմիտե) Աշտարակի տարածքային հարկային տեսչության համար նոր վարչական շենք ձեռք բերելու նպատակով թույլատրել կոմիտեի աշխատակազմի տնօրինության` Աշտարակի տարածքային հարկային տեսչության վարչական շենքը և 0.0257 հեկտար հողատարածքը (այսուհետ` գույք-1) (հասցեն` Հայաստանի Հանրապետություն, Արագածոտնի մարզ, քաղ. Աշտարակ) փոխանակել քաղաքացի Սամվել Արամայիսի Հարությունյանի ու Երանուհի Չալաբյանի՝ սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի 29 հասցեում գտնվող վարչական շենքի և 0.151 հեկտար հողատարածքի (այսուհետ` գույք-2) հետ՝ գույք-2-ի սեփականատիրոջը վճարելով նշված գույքերի փոխանակման գործարքի արդյունքում առաջացող արժեքների տարբերությունը:
2. Սահմանել գույք-1-ի արժեքը` 32000000 դրամ, և գույք-2-ի գնահատված արժեքը` 113000000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)՝ հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի
1-ին և 2-րդ կետերի համաձայն իրականացված անշարժ գույք-1-ի և գույք-2-ի գնահատումները:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված փոխանակության գործարքի արդյունքում գույքերի արժեքների տարբերության առաջացող գումարը` 81000000 դրամը, գույք-2-ի սեփականատիրոջը վճարվում է կոմիտեի 2012 թվականի արտաբյուջետային միջոցների հաշվին նախատեսված՝ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 02 դասի «11. Նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ» ծախսային ծրագրով նախատեսված հատկացումներից:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների փոխանակության պայմանագրի կնքումը, հանձնման-ընդունման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքների կատարումը: Փոխանակության պայմանագրով նախատեսել, որ պայմանագրի կնքման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու են գույք-2-ի սեփականատիրոջ կողմից:
5. Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
6. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն սույն որոշման 1-ին կետով նախատեսված Աշտարակի տարածքային հարկային տեսչության վարչական շենքի ձեռքբերման գնման գործընթացն իրականացնելու է բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հավելված