Կառավարության որոշումներ

26 Հուլիսի 2012, 954 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՏԻՊԱՅԻՆ (ՕՐԻՆԱԿԵԼԻ) ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1474-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասին և «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ներառված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ներառված պետական ոչ առևտրային կազմակերպությունների տիպային (օրինակելի) կանոնադրությունը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշման N 1 հավելվածում նշված պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու և «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տիպային (օրինակելի) կանոնադրությունը հաստատելու մասին» N 1474-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) վերնագրից հանել «և «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տիպային (օրինակելի) կանոնադրությունը հաստատելու» բառերը.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետը և դրանով հաստատված N 2 հավելվածը:
4. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 4-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրություններում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Հավելված