19 Հուլիսի 2012, 953 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ (ԷՋՄԻԱԾՆԻ) ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «դ» և 2-րդ մասի «ե» ենթակետերի, ինչպես նաև 7-րդ և 18-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաշվի առնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի) կողմից իրականացվող կրթական ծրագրերի կարևորությունը` սույն որոշման հավելվածում նշված քաղաքացու սեփականությունը հանդիսացող հողի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով`
1) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից, քանի որ`
ա. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի) կողմից իրականացվող կրթական ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն,
բ. ծրագրի անխափան իրականացումը կապահովի տարրական, հիմնական և ավագ դպրոցներում զգալի թվով աշակերտների ուսուցում.
2) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտի օտարման, քանի որ կրթահամալիրի բնականոն գործունեության համար անհրաժեշտ է իրականացնել օժանդակ շինությունների կառուցապատման աշխատանքներ, ինչի համար անհրաժեշտ է լրացուցիչ հողատարածք, իսկ օտարվող սեփականության օբյեկտի տարածքը գտնվում է կրթահամալիրի անմիջական հարևանությամբ:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետով սահմանված տարածքի ձեռք բերող է հանդիսանում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը).
2) սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող և պետական լիազոր մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետն է.
3) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2012 թվականի նոյեմբերի 1-ն է.
4) գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ հաստատված` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում առկա սեփականության նկարագրության արձանագրության կազմման կարգով և նկարագրության արձանագրության օրինակելի ձևով.
5) սույն կետի 1-ին ենթակետում նշված հողամասի ձեռք բերողի իրավունքները և պարտականությունները սահմանվում են ձեռք բերողի և լիազոր մարմնի միջև կնքված պայմանագրին համապատասխան:
3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-օրյա ժամկետում ապահովել օտարվող սեփականության սեփականատիրոջ և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ստացած գույքային իրավունքներ ունեցող անձի իրազեկումը.
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն և աջակցել ձեռք բերողին՝ գույքային իրավունքների գրանցման ապահովման հարցում:
5. Սույն որոշմամբ սահմանված կարգով բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված սեփականության նկատմամբ սույն որոշումից ծագող սահմանափակումները ենթակա են պետական գրանցման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում` սույն որոշմամբ սահմանված ձեռք բերողի սեփական միջոցների հաշվին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: