26 Հուլիսի 2012, 952 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ ՆԵՐԴՆԵԼՈՒ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ ներդնելու ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման փորձնական ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծվում է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման կառավարման խորհուրդ.
2) ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման փորձնական ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում, իսկ համալիր սոցիալական ծառայությունների յուրաքանչյուր տարածքային կենտրոնի վերանորոգման, վերազինման աշխատանքներն ավարտելուց հետո այդ կենտրոնը ևս ընդգրկվում է սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված` փորձնական ծրագրում:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել՝
1) Հայաստանի Հանրապետության վարչապետի «Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» որոշման նախագիծը.
2) մինչև 2013 թվականի մայիսի 31-ը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող կենսաթոշակների, պետական նպաստների, դրամական օգնությունների և այլ վճարումների նշանակման և վճարման գործառույթները մեկ պետական մարմնի վերապահելն ապահովող իրավական ակտերի նախագծերը.
3) մինչև 2013 թվականի հոկտեմբերի 1-ը` ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ամբողջական ներդրումն ապահովող իրավական ակտերի նախագծերը` հաշվի առնելով փորձնական ծրագրի արդյունքները.
4) ըստ անհրաժեշտության` առաջարկություններ փորձնական ծրագրի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին (առաջարկել Արարատի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին)` ամենայն աջակցություն ցուցաբերել ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման փորձնական ծրագրի իրականացման աշխատանքներին: