26 Հուլիսի 2012, 917 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 971-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագիրը հաստատելու և սերմերի ներմուծումը թույլատրելու մասին» N 971-Ն որոշման հավելվածի «2012 թվական» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2012 թվական
2012 թվականին նախատեսվում է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի «Սեմենա Ստավրոպոլյա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով, ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի դրույթով, ձեռք բերել մինչև 640 տոննա աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության սերմացու` Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործման և հետագա բազմացման նպատակով գրանցված բույսերի սորտերի ցանկում չգրանցված, «Կոլեգա», «Տանյա» և ցանկում գրանցված «Կրասնոդար-99» սորտերից, որով հնարավոր կլինի ցանքեր իրականացնել շուրջ 2130 հա տարածության վրա` 300 կգ/հա ցանքի նորմայով:
Սերմացուն, հիմք ընդունելով հողի սեփականության կամ վարձակալության վկայականները, հողատարածքների ընտրության արդյունքում, կհատկացվի 7 և ավելի հեկտար հողատարածք ունեցող տնտեսավարող սուբյեկտներին` 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելու պայմանով՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համակարգի «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության, համայնքի ղեկավարի և տնտեսավարող սուբյեկտի միջև կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա: Նույն պայմանագրով կամրագրվեն նաև հողի մշակության, կիրառվող ագրոտեխնիկայի և սերմացուի հետ վերադարձի պայմանները: Սերմացուի տրամադրումից հետո կկատարվի փաստացի ցանքերի ուսումնասիրություն:
Արդյունքում 2013 թվականին ակնկալվում է հետ ստանալ 1280 տոննա (640 X 2) առաջին վերարտադրության սերմացու: Սերմացուն պարտադիր պետք է ունենա ծագումը և որակը հավաստող փաստաթղթեր:
Նախարարությանը 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելուց հետո տնտեսավարողների մոտ մնացած սերմացուն կտնօրինվի վերջիններիս կողմից՝ ըստ իրենց հայեցողության:
2013 թվականին նախատեսվում է հետ վերադարձված 1280 տոննա առաջին վերարտադրության սերմացուն 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելու պայմանով տրամադրել շահառուներին առավելագույնը մինչև 3 հա հողատարածքի վրա ցանք կատարելու հաշվարկով, որով հնարավոր կլինի ցանքեր իրականացնել շուրջ 4260 հա տարածության վրա` 300 կգ/հա ցանքի նորմայով:
1280 տոննա առաջին վերարտադրության սերմացուն «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից, պայմանագրային հիմունքներով, համամասնորեն հատկացնել Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին` հաշվի առնելով վերջին 5 տարիների ընթացքում մարզերում կատարված աշնանացան ցորենի ցանքերի միջին ցուցանիշը:
2013 թվականին շահառուների կողմից ծրագրով նախատեսված առաջին վերարտադրության 1280 տոննա սերմացուների հետ վերադարձն ամբողջությամբ չապահովելու դեպքում ծրագիրը լիարժեք իրականացնելու համար պակասը կլրացվի 2014 թականին, իսկ տվյալ տարվա մարզերին հատկացվելիք սերմացուների քանակությունները համամասնորեն կնվազեցվեն` համաձայն գործակցի:
2013 թվականին Հայաստանի Հանրապետության մարզպետարանները` պայմանագրային հիմունքներով, 1280 տոննա առաջին վերարտադրության սերմացուն կհատկացնեն մարզի շահառուներին առավելագույնը մինչև 3 հա հողատարածքի վրա ցանք կատարելու հաշվարկով` 2014 թվականին բերքահավաքից հետո 1:2 փոխհարաբերությամբ պարենային ցորենի արժեքի չափով գումարը «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության նպատակային հաշվին փոխանցելու պայմանով:
Պարենային ցորենի արժեքը կսահմանվի Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության առաջարկով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: