26 Հուլիսի 2012, 927 - Ա
«ՎԱՅՈՑ ՁՈՐ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետը և 67-րդ ու 68-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Վայոց ձոր» պետական փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` ընկերություն) (գտնվելու վայրը՝ քաղ. Եղեգնաձոր, Շահումյան 5, պետական գրանցման համարը՝ 65.120.00375):
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել լուծարման հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (երկու անդամ), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի ներկայացուցիչներին:
3. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին` լուծարման հանձնաժողովի ստեղծման պահից հետո մեկամսյա ժամկետում ընկերությունում իրականացնել գույքագրում և գույքն ու համապատասխան փաստաթղթերը հանձնել լուծարման հանձնաժողովին:
4. Լուծարման միջանկյալ հաշվեկշիռը Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի կողմից հաստատվելուց հետո ընկերության բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:
5. Սահմանել, որ`
1) ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտվելուց հետո դեբիտորական պարտքերի և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.
2) ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքի առկայության դեպքում այն հանձնվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` ընկերության լուծարման գործընթացի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ընկերության լուծարումից հետո մնացած գույքի տնօրինման վերաբերյալ: