Կառավարության որոշումներ

14 Հունիսի 2012, 872 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ):
2. Հաստատել հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:
4. Հիմնադրամի տնօրենի (ռեկտորի) ժամանակավոր պաշտոնակատար (այսուհետ` ժամանակավոր կառավարիչ-ռեկտոր) նշանակել Արշալույս Թարվերդյանին (անձնագիր` AH 0245115, տրված՝ 30. 08. 2006 թ., 011-ի կողմից):
5. Առաջարկել հիմնադրամի ժամանակավոր կառավարիչ-ռեկտորին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը:
6. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող N 2 հավելվածում նշված անշարժ գույքը հետ վերցնել և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը՝ այն անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնելով «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` որոշման 6-րդ կետում նշված գործընթացի ավարտից հետո քառամսյա ժամկետում «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հետ կնքել N 2 հավելվածում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագիր` դրանում նախատեսելով դրույթ այն մասին, որ պայմանագիրը կարող է լուծվել հիմնադրի կողմից՝ դրա մասին 10 օր առաջ գրավոր ծանուցելով հիմնադրամին, պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացնելով հիմնադրամի միջոցների հաշվին:
8. Առաջարկել համայնքների ղեկավարներին Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 27-ի N 471, 2004 թվականի ապրիլի 14-ի N 632-Ն, 2003 թվականի դեկտեմբերի 11-ի N 1670-Ն որոշումներով «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և դրա մասնաճյուղերին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված ուսումնագիտափորձարարական հողատարածքների համար՝ համաձայն N 3 հավելվածի, կնքված անժամկետ, անհատույց օգտագործման պայմանագրերում կատարել համապատասխան փոփոխություններ՝ հաշվի առնելով, որ հիմնադրամը հանդիսանում է «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը, և դրանք ներկայացնել պետական գրանցման` պայմանագրերի նոտարական վավերացման, պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացնելով հիմնադրամի միջոցների հաշվին:
9. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝
ա. ապահովել «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթացը,
բ. հաստատել «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ վիճարկվող) պարտավորությունների «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին փոխանցման ակտը.
2) հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում՝
ա. Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը,
բ. ապահովել «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը, սեփականության իրավունքով հիմնադրամին փոխանցելու հանձնման-ընդունման գործընթացը։
10. «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է և նրան է անցնում վերակազմակերպված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան:
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված